Մի քանի օր է, ինչ գործող ՄԻՊ Արման Թաթոյանը թմբկահարում է «Հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների մասին» ու որ դրանք 2017թ.-ից այն կողմ չեն փոփոխվել
Մի քանի օր է, ինչ գործող ՄԻՊ Արման Թաթոյանը թմբկահարում է «Հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների մասին» ու որ դրանք 2017թ.-ից այն կողմ չեն փոփոխվել:
Միայն այն, որ «զեկույցի» վերնագրում խոսվում է «հոգեբուժարանների» և ոչ թե հոգեկան առողջության պահպանման կենտրոնների մասին, ինչպես այդ բժշկական հաստատությունները կոչվում են արդեն մի քանի տարի է (վերջինը անվանափոխվել է իմ կողմից 2019 թվականին), խոսում է նրա մասին, որ կա հոգեկան առողջության պահպանման ոլորտի վերջին տարիների բարեփոխումները և դրական առաջընթացը ստվերելու միտում: Նույնիսկ այդ անվանափոխությունների մեջ մենք տրամաբանություն ենք դրել, որպեսզի պայքարենք խարանի և խտրականության դեմ այդ հաստատություններում բուժում ստացող կամ ապրող մեր քաղաքացիների նկատմամբ, փոխենք վերաբերմունքը նրանց նկատմամբ թե' բժշկական հաստատություններում, թե' հանրության շրջանում: Պարոն Թաթոյանը սակայն միտումնավոր չի նկատում դա ու կրկին հրամցնում է հասարակությանը խարանի և խտրականության մարմնավորում հանդիսացող տերմինը և դրա տրամաբանությունը: Նույն թելը երևում է բուն տեքստում:
Դեռ 2018 թվականից մենք աշխատել ենք թե' գործող հոգեկան առողջության պահպանման կենտրոնների շենքային պայմանների լավացման, թե' ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացման վրա: Շարունակաբար լավացվել են Սևանի և Ավանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնների շենքային պայմանները, պացիենտների սնունդը, գիշերելու պայմանները, հագուստը, դեղորայքը: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ի թիվս վերոնշյալի նաև հենց հիմա պետական բյուջեի միջոցների հաշվին տեղի է ունենում ամբողջական վերակառուցում և վերազինում: Այս փոփոխությունների ականատեսն են բոլոր մեր պացիենտները և նրանց հարազատները, որոնք և կփաստեն խոսքերիս ճշմարտացիությունը:
Հոգեկան առողջության պահպանման ոլորտի համակարգային բարեփոխումները սակայն ինչ-որ չափով դանդաղեցին մինչ օրս ձգվող կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պատճառով և ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ավելի կակտիվանան. դա եղել է մեր կառավարության առաջնահերթություններից մեկը և այդպես էլ մնալու է:
Հուսով եմ նաև, որ առողջապահության նախարարությունը մանրամասն կանդրադառնա «զեկույցում» զետեղված հանգամանքներին և դրանց ճշմարտացիությանը, իսկ ես ևս մեկ անգամ արձանագրում եմ մարդու իրավունքների պաշտպանի կողմնակալությունը, այդ թվում ոչ այդքան քաղաքական հարցում, ինչպիսին է մեր քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման կարևոր ոլորտը:
Արսեն Թորոսյան