ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարում է ճակատագրական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց Մարալիկում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Ընդամենը մնաց մի քանի օր, և ընտրությունը ճակատագրական է: Սա ընտրություն է՝ արժանապատիվ խաղաղություն ունենալու և կյանքը ծնկաչոք շարունակելու մեջ: Սա ընտրություն է՝ իրական թռիչքաձև աճ ունենալու և գործազրկության աճի, աղքատության աճի և արտագաղթի մեջ»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ վերջին 3 տարվա ընթացքում արտագաղթի թվերն այնքան են, որքան չի եղել վերջին 25 տարվա ընթացքում: Նա վստահեցրեց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը կարող է ապահովել երկրի անվտանգությունը

«Մենք այն քաղաքական ուժն ենք, որը կարող է ապահովել երկրի անվտանգությունը, թռիչքաձև տնտեսական աճ: Մեկ անգամ դա արել ենք, դա եղել է ձեր աչքի առաջ, լինելու է նաև երկրորդ անգամ»,-ասաց նա:

Մարալիկցիների հետ հանդիպմանը Քոչարյանը նշեց նաև, որ իրենք նման կարգի հանդիպումներ կազմակերպում են՝ վստահ լինելով, որ գալիս են իշխանության, և այս հանդիպումները փորձում են օգտագործել տեղական հարցերին ավելի լավ ծանոթանալու համար: Նա հավելեց, որ Մարալիկում խնդիրները մի քանիսն են՝ միջհամայնքային ճանապարհների որակը, բազմաբնակարանային շենքերի տանիքների և աշխատատեղերի հարցը՝ խոստանալով, որ իրենց ուժն այդ հարցերին լուծումներ տալու է շատ արագ: Քոչարյանը գործող իշխանության մեղադրեց նաև օտարերկրյա ներդրումները զրոյացնելու մեջ: Նա վստահեցրեց, որ նոր զարկ, տեմպ են տալու այդ գործընթացներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն