Ադրբեջանը մինչ այս պահը միջազգային հետախուզում է հայտարարել 297 հայերի նկատմամբ, որոնք մեղադրվում են իբր «ռազմական հանցագործություններ կատարելու մեջ»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս.ազ»-ը՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազ Քարիմ Ալիևին։

Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունն ավարտել է նախաքննությունը 297 հայ զինծառայողների նկատմամբ, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել։ Թշնամի կողմը նրանց մեղադրում է «ցեղասպանության», «տանջանքների», «պատերազմի օրենքների խախտման», «միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման» և նմանատիպ այլ հոդվածներով կատարված հանցանքների մեջ։

Իսկ Հայաստանի իրավապահ մարմինները խուսափում են խոսել ադրբեջանցիների կողմից կատարված պատերազմական հանցագործությունների, վայրագությունների դեպքերի առթիվ քրեական գործերի քննության արդյունքների մասին։ Դեռեւս 2021 թվականի հոկտեմբերին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՔԿ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե քանի՞ քրեական գործ է հարուցվել՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության հատկանիշներով, քրեական գործերով քանի անձ է տուժող ճանաչվել և արդյոք քննությամբ պարզվել է սպանության եղանակը։ Հետաքրքրվել էինք, թե քանի անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների սպանության համար, որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է, թե ոչ և ադրբեջանցի քանի ռազմական գործչի նկատմամբ է ընդհանրապես հայտարարվել միջազգային հետախուզում։ Հարց էր բարձրացվել նաև գերիների խոշտանգման մասին։

Քննչական կոմիտեն մերժել է պատասխանել բարձրացված հարցերին՝ պատճառաբանելով, թե տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական քննության տվյալներ։ Ասել է թե՝ այս գերատեսչության համար նախաքննական գաղտնիք է, թե քանի ադրբեջանցու նկատմամբ է հետախուզում հայտարարվել՝ ռազմական հանցագործությունների համար։ Ընդգծենք՝ ոչ թե անուն-ազգանունը, այլ ինքնին թվի հրապարակումն է գաղտնի համարվում։

«Փաստինֆո»-ն այսօր եւս բանավոր հարցմամբ դիմել է թե դատախազություն, թե քննչական կոմիտե՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցիների մասին, ինչին ի պատասխան երկու պետական մարմիններն էլ գրավոր հարցում պահանջեցին։ Երկու մարմիններին էլ կրկին հարցումները կուղարկենք՝ թեեւ ունենք դառը փորձ, երբ ի հեճուկս ՀՀ օրենսդրության այս մարմինները պաշտպանության տակ են վերցնում հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին խոշտանգած ադրբեջանցիներին ու մերժում տեղեկատվության տրամադրումը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն