Երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները 8500 զինվորական է գործուղում Արեւելյան Եվրոպայի երկրներ: Պենտագոնի խոսնակի սկզբնական հայտարարությունից թվաց, թե այդ զինվորականները տեղակայվելու են ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի նախկին սոցիալիստական երկրներում` Լեհաստան, Ռումինիա, Մերձբալթիկա եւ այլն, որոնք համարում են, թե Ռուսաստանի հնարավոր ներխուժումը Ուկրաինա նաեւ իրենց տարածքների հանդեպ ագրեսիայի վտանգ է պարունակում:

Հետո ԱՄՆ նախագահ Բայդենի` երկուշաբթի երեկոյան եվրոպացի գործընկերների հետ անցկացրած տեսահանդիպումից հետո մեկնաբանություններ տարածվեցին, որ ԱՄՆ զինվորականները բերվում են բարձր պատրաստության՝ Արեւելյան Եվրոպա գործուղվելու համար, սակայն տեղակայման ճիշտ վայրերը կորոշվեն` կախված իրադարձությունների զարգացումից:   

Երկուշաբթի ցերեկը ԵՄ ԱԳ ղեկավարները հավաքվեցին Բրյուսելում՝ tet-a-tet քննարկելու Եվրոպայում ահագնացող ուկրաինական ճգնաժամը, նաեւ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում, Բելառուսում եւ Ղազախստանում: Նրանք միաձայն հավաստեցին, որ Ռուսաստանի դեմ տնտեսությունը փլուզելու ունակ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե վերջինս առաջանա Ուկրաինայի տարածքում: 

Կիրակի օրը Մեծ Բրիտանիան Ռուսաստանին ամբաստանեց Կիեւում հեղաշրջում կազմակերպելու եւ պրոռուսական վարչակազմ իշխանության բերելու ծրագրերի ու փորձերի մեջ: Եվ վերջապես՝ կիրակի օրվանից արեւմտյան դիվանագիտական առաքելությունները` մասնավորապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դեսպանությունները, տարհանում են իրենց անձնակազմի մի մասը եւ դիվանագետների ընտանիքները Ուկրաինայից: 

Իսկ մինչ այդ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունվարի 21-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Ժնեւում կայացած հանդիպումից հետո հայտարարեց, որ Ռուսաստանի` Ուկրաինայի տարածք ներխուժելու դեպքում (ինչպես հետո լրացրեց` եթե անգամ մեկ սպառազեն զինվոր ագրեսիա գործի) ԱՄՆ-ի եւ դաշնակիցների «պատասխանը ռուսական ագրեսիային կլինի արագ, դաժան եւ միացյալ»: Բլինկենը, ի թիվս այլնի, նաեւ հավելեց, որ Ուկրաինայի ժողովուրդն է տնօրինելու սեփական ապագան, եւ այդտեղ քննարկելու ոչինչ չկա: Իսկ հետագա օրերի զարգացումները` դիվանագետների ընտանիքների տարհանումից մինչեւ զինվորականների գործուղում, ցույց են տալիս, որ զարգացումները հետագա լարման են գնում:

Այդուհանդերձ, կարելի է երաշխավորված համարել, որ առնվազն մինչեւ փետրվարի սկիզբը Ռուսաստանը որքան էլ զորք եւ զենք կուտակի Ուկրաինայի հետ իր սահմանին, նաեւ Բելառուսի եւ Ուկրաինայի միջեւ սահմանին, ինքնին ներխուժում Ուկրաինայի տարածք չի արձանագրվի: Այդքանը երաշխավորված է, քանի որ ամերիկյան կողմը հունվարի 21-ին Ժնեւում խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր տեքստ ուղարկել Մոսկվային` անցյալ տարեվերջից ՌԴ նախագահ Պուտինի սկսած ջուրծեծոցիի վերաբերյալ: Դա նշանակում է, Պուտինն ու Կրեմլը մեկ շաբաթ ոչինչ չեն անի ԱՄՆ պատասխանները ստանալու համար, դրանից հետո էլ երեւի մեկ շաբաթ կտեւի, մինչեւ որոշեն ինչ անել, քանի որ վերջնահաշվում կատարյալ փակուղում են հայտնվել:

Ինչպես ամենքը գիտեն, անցյալ տարեվերջին Վլադիմիր Պուտինը գուցե ԽՍՀՄ փլուզման 30-ամյա հոբելյանից ուշադրություն շեղելու համար, գուցե այդ փլուզման 30-ամյակի ֆրուստրացիան վերապրելու արդյունքում, գուցե COVID-ի պարտադրած ինքնամեկուսացման ձանձրույթից ու իրականության զգացողությունը կորցնելուց, գուցե Բելառուսի եւ Ղազախստանի դեպքերին ի տես սեփական ապագայի համար երկյուղելուց, իսկ գուցե ընդամենը ինչ-որ միջատի խայթոցի պատճառով` վերջնահաշվում ինչ-որ դրդապատճառով քաղաքական-դիվանագիտական ցնդաբանությունների մի ցանկ էր կազմել (Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ն պետք է վերադառնա 1997-ի սահմաններին` ենթադրելի է՝  դաշինքից դուրս թողնելով Արեւելյան Եվրոպայի երկրներին եւ այլն) եւ դրանք իբրեւ առաջարկ՝ գրավոր ուղարկել էր Վաշինգտոն` հրաշալի գիտակցելով, որ իր առաջարկները քննարկման ենթակա չեն:

Որքան էլ Պուտինին թվար, թե ցուցամոլության եւ նարցիսիզմի իր բարդույթները հաջողվել է իբր ՌԴ անվտանգության շուրջ մտահոգություններով քողարկել, իրականում ավելի շուտ Պուտինն իր արկածախնդրությամբ երկու ոտքով թակարդն է ընկել` ետեւից քարշ տալով նաեւ Ռուսաստանը: Այժմ Ռուսաստանն ի՞նչ պետք է անի: 

Եթե նախագահ Պուտինն իր առաջարկներին Արեւմուտքի անփոփոխ մերժումները լսելուց հետո վերադառնա իրականություն եւ մնա իր տեղում, կնշանակի հաշտվում է կյանքի ընթացքի հետ, գիտակցում է, որ սահմանակից պետությունները ոչ թե Ռուսաստանի դռան շեմն են, այլ ինքնուրույն երկրներ եւ ժողովուրդներ, երբեմն՝ շատ ավելի հնամենի, արժեքավոր ու կարողունակ, քան ռուսները, որոնք ոչ մի պատճառ չունեն սեփական ապագայից, ձգտումներից եւ կողմնորոշումներից հրաժարվելու: Պուտինը պետք է ուղղակի դադարեցնի խառնակչություններով աշխարհի ուշադրությունն իր վրա սեւեռելու պրակտիկան եւ վերջակետ դնի Ռուսաստանի ինքնասուն ու սնամեջ կայսրապաշտական հավակնություններին: Սա կարող է պատահել:

Բայց էլ ավելի հետաքրքիր եւ ազդեցիկ կլինի, եթե Պուտինը որոշի, որ մի վերջին քաղաքական-ռազմական-դիվանագիտական թատերախաղ պետք է բեմադրի ի տես աշխարհի եւ պատմության եւ ներխուժի Ուկրաինա: Այ, այդ դեպքում հետեւանքներն այլեւս Պուտինից կախված չեն լինի: Այդ դեպքում Ռուսաստանի տնտեսությունը եւ փխրուն սոցիալ-քաղաքական կայունությունն այնպիսի ուժգնությամբ եւ արագությամբ կփլուզվեն Արեւմուտքի պատժամիջոցների արդյունքում, որ ԽՍՀՄ փլուզմանը Պուտինը երեւի երանի կտա: 

Թվում է` Ռուսաստանն ուղղակի սուրում է դեպի 1991-92-ի վիճակը, դեպի ԽՍՀՄ ֆինանսատնտեսական ու սոցիալ-քաղաքական փլուզման կրկնություն:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն