Հայաստանը բավարար արդյունավետությամբ չկարողացավ օգտագործել որպես գործիչ Արմեն Սարգսյանին . Հակոբ Բադալյան
Այն, որ Հայաստանը բավարար արդյունավետությամբ չկարողացավ օգտագործել որպես գործիչ Արմեն Սարգսյանի տրամաչափն ու ներուժը, ինձ համար անկասկած է, անկախ դրան տրվող տարբեր գնահատականներից: Այն, որ մենք իբրեւ պետություն կամ հասարակություն պետք է փորձենք «բաց չթողնել» Սարգսյանին, ինձ համար եւս անկասկած է:
Ու կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն էլ չպետք է «նեղացածություն» դրսեւորի եւ «լվանա ձեռքերը», առնվազն որովհետեւ Հայաստանը միայն քաղաքական իշխանությունը կամ քաղաքական ընդդիմությունը չէ:
Բայց, երբ նախագահի խորհրդանշական պաշտոնի առկայության պարագայում, խոսվում է այն մասին, թե Արմեն Սարգսյանի գնալով իշխանությունը դառնում է միաբեւեռ, սա այլ բան չէ, քան պարզապես կամ քարոզչական նկատառում կամ իրադրության ոչ ամբողջական պատկերացում: Ինչպես կարող է բեվեռ դիտվել մի ինստիտուտ, որը բացարձակապես օժտված չէ այդպիսին լինելու համարժեք լիազորությամբ՝ ով էլ լինի նախագահ:
Ավելին, հենց այդտեղ է, որ առաջանում է լուրջ խնդիր, երբ խորհրդանշական ինստիտուտի ղեկին է հայտնվում մարդ, գործիչ, որը բազմապատիկ ավելին է իր տրամաչափով: Դա ճգնաժամահեն իրավիճակ է:
Ինչպես կարող են միեւնույն ինստիտուտի՝ խորհրդարանի միջոցով ձեւավորվող երկու մարմինները՝ կառավարություն եւ նախագահ, լինել միմյանց հակակշիռ: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դե յուրե կառուցվածքի ներքո գործում է դե ֆակտո բոլորովին այլ կառուցվածքով եւ տրամաբանությամբ համակարգ:
Հետեւաբար, Հայաստանում կառավարման համակարգում հակակշիռների հարցը պահանջում է սահմանադրական լուծումներ: Ինչպես են այդ առումով պատկերացումները, ինչ փոփոխություն պետք է լինի, ինչ մոդել պետք է լինի, սա արդեն կարեւոր, բայց այլ հարց է:
Հակոբ Բադալյան



















