Փորձելու են տանել բախումների. եթե ժողովուրդը չաջակցի իրեն ցնցումների տանող ուժերի, ցնցումներ չեն լինի.Էդմոն Մարուքյան
Հայաստանում որևէ ուժ չի կարող համարվել ամբողջ ժողովրդի աջակցությունը վայելող ուժ կամ ժողովրդի առաջնորդ, բոլորը դարձել են սովորական քաղաքական գործիչներ, այլևս հեղափոխության իրողությունները չկան: Կան էլեկտորալ նշանակություններ և ըստ էլեկտորալ իրավիճակի՝ ոչ մի ուժ չի հաղթելու ընտրություններում, այլ՝ ինչպես ասում է ԼՀԿ-ն, պետք է հաղթի ժողովուրդը, և Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որտեղ բոլորն իրենց ճիշտը մի կողմ են դնելու և աջակցելու են Կառավարությանը: Քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա գնահատմամբ՝ այս քարոզարշավը ատելության, բռնության, սպառնալիքի նաև հետամնացության քարոզարշավ էր:
«Մենք փորձեցինք կոտրել սև ու սպիտակի մթնոլորտը, թե որքանով հաջողվեց, դա արդեն ժողովուրդը կդատի: Հույս ունենք, որ մեր բերած օրակարգը ժողովրդի հավանությանը կարժանանա»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանի կանխատեսմամբ՝ լինելու են հետընտրական ցնցումներ.
«Փորձելու են տանել բախումների, մեկն ասելու է ես եմ հաղթել, մյուսն էլ ասելու է՝ ես եմ հաղթել: Իսկ մեր ռազմավարության դեպքում դա չի լինի, որովհետև չեն ունենալու այնքան աջակցություն, որ ասեն՝ ես եմ հաղթել, ստիպված համակերպվելու են 20%-անոց ձայների հետ և գալու են խելոք, նստեն կլոր սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն: Ժողովրդի ձեռքում է՝ հետընտրական ցնցումներ կլինե՞ն, թե՞՝ չէ, եթե ժողովուրդը չաջակցի իրեն ցնցումների տանող ուժերի, ցնցումներ չեն լինի»,-ասաց Էդմոն Մարուքյանը: