«1, 10, 20 մլրդ դոլարի ներդրումներ են խոստանում. եկեք լրջանանք, որեւէ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսք չի լինելու»
Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համար այս փուլում տնտեսական ծրագրերից առավել առաջնահերթ այլ հարցեր կան:
Կուսակցության ընտրացուցակի 5-րդ համար, տնտեսագետ, ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ առաջնայինը անվտանգային խնդիրներն են. ըստ նրա՝ ներքաղաքական կայունությունն ապահովելուց հետո հնարավոր կլինի որեւէ հարց, այդ թվում՝ նաեւ տնտեսական բարեփոխումների ծրագիր քննարկել:
Երկրորդ խնդիրն, ըստ նրա՝ կառավարման համակարգի կայունացումն է, որովհետեւ այսօր կառավարման համակարգ չկա. «Տնտեսական քաղաքականության մեջ ուղղակի ակնհայտ է անհետեւողականությունը, վճիռներ կայացնելու անընդունակությունը: Ցավոք սա տեղափոխվեց մի դաշտ, որը վտանգում է մեր տնտեսական ծրագրերի ընդհանրապես գոյությունը եւ վերաբերմունքն այդ ծրագրերի նկատմամբ»: