Ռոբերտ Քոչարյան. Ամեն ինչ կանենք` մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար
Մենք կանենք ամեն ինչ` մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար: Այս մասին Շորժայի եւ Ճամբարակի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Մնացել է 2-3 օր: Մենք կհաղթենք եւ կանենք ամեն ինչ, որպեսզի երկիրը ունենա զարգացման այլ հնարավորություններ եւ տեմպեր: Ես շնորհակալ եմ, որ եկել եք: Չնայած հանդիպումը տեղի է ունենում փողոցում, այն ոգեշնչող է: Երբ մենք սկսում էին, ես ինքս չէի սպասում ձեզանից նման աջակցություն: Դա ե՛ւ ոգեշնչող է, ե ՛ւ պարտավորեցնող է: Բավարարել ձեր սպասելիքները` նշանակում է աշխատել 24 ժամ, շաբաթը 7 օր, ամիսը 30 օր: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արդարացնենք սպասելիքները եւ ապացուցենք, որ դուք պատմության ճիշտ կողմն եք»,- ասաց երկրորդ նախագահը:
Նշենք, որ բնակիչների զգալի մասը փախստականներ են վերջին պատերազմի ընթացքում գրավված Արծվաշեն եւ Չարդախլու հայկական գյուղերից: Մարդիկ կորցրել են իրենց տները, հողերը, գերեզմանները: