Գործադիրն այսօր հերթական նիստում հավանություն տվեց որոշման նախագծի, որով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա առաջարկվում է ստեղծել երկու առանձին պալատներ՝ քաղաքացիական և վարչական. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ ակնկալվում է ՀՀ պետական բյուջեից տարեկան շուրջ 34.9 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որից ընթացիկ ծախսերի գծով՝ շուրջ 28.3 մլն դրամ, և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման մասով՝ շուրջ 6.6 մլն դրամ։

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը բխում է ոլորտի բարեփոխումների իրենց ծրագրից և միջազգային փորձից, որը փաստում է, որ մյուս երկրներում կան վարչական դատարանների ակտերը վերանայող մասնագիտացված ատյաններ:

«Նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա ստեղծել երկու ինքնուրույն առանձին մասնագիտացումներ ունեցող պալատներ՝ առանձին՝ քաղաքացիական, առանձին՝ վարչական: Նախագծով կարգավորում են նաև Վճռաբեկ Դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության հետ կապված հարցերը: Նախատեսվում է դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման»,- մանրամասնեց Քր. Գրիգորյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն