«Սպուտնիկ V»-ի 15 000 չափաբաժին ՌԴ-ից ներկրվել է Արցախ
Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժինը, որով կարող են պատվաստվել 7500 քաղաքացի Արցախ է ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից՝ ռուս-հայկական Լազարևյան ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի աջակցությամբ:
Պատվաստումների իրականացման արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով ծանր հիվանդության նվազում և մահացության դեպքերի բացառում:
Պատվաստումները կամավոր հիմքով են իրականացվում, բայց քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, որ կորոնավիրուսի կանխարգելման դեմ սա լուրջ պատվաստանյութ է: Նախկինում կորոնավիրուսային վարակ տարած անձինք ևս կարող են պատվաստվել:
Պատվաստումները իրականացվում են երկու դեղաչափով 21 օր ընդմիջումով: Այնուհետև քաղաքացիներին տրվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալները»,- ասվում է հաղորդագրությունում