«Դադարեցրեք ապօրինությունը». «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը դիմել է ԱԱԾ–ին
Արամ Վարդևանյանը հայտարարությամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին։
Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները, մասնավորապես Սյունիքի մարզի Գորիս համայնքում, սկսել են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ և իբր բացատրական աշխատանքներ վարել ընտրությունների վերաբերյալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` դիմելով Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին։
«Բնականաբար, ինչպես այլ, այնպես էլ այս դեպքում ԱԱԾ ստորաբաժանումների հանդիպումները որևէ արդյունք չեն տվել։ Նշվածի վերաբերյալ դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ»,–նշված է Վարդևանյանի հայտարարության մեջ։
Նրա խոսքով` այս ժամանակահատվածում ԱԱԾ-ն պետք է 24 ժամ ծառայություն իրականացնի օտարերկրյա գործակալներ գտնելու, դրանց գործունեությունը կանխելու ուղղությամբ, այլ ոչ թե հեռացող իշխանությանը քաղաքական ծառայություններ մատուցի։