Մենք պետք է հույսեր կապենք մեր բանակի հետ. քաղաքական ուժերը՝ ՀՀ-ի անվտանգային հարցերի լուծման ուղիների մասին
Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում խոսելով ՀՀ-ի անվտանգային հարցերի լուծման ուղիների մասին, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ առաջինը հույսը պետք է դնել մեր բանակի ուժերի վրա:
Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու և կառույցից արձագանք չլինելուն, Մարուքյանը նշեց.«ՀԱՊԿ-ի այն պռոկոտոլները, որոնք չեն գործում, պետք վերանայվեն»:
Սերգեյ Բագրատյանի կարծիքով էլ Հայաստանը պետք մնա ՀԱՊԿ-ում և իր լուման բերի կառույցին.
«Մենք չենք կարող անվտանգության առումով անել քայլեր, որոնք չեն երաշխավորվում ՀԱՊԿ-ի կողմից: Մենք երկու անգամ փորձել ենք ձեռք քաշել Ռուսաստանից և պատժվել ենք»:
Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ հայ-ռուսական անվտանգային փոխհարաբերությունները իր համար առաջնահերթություն են.
«Միանշանակ է, որ այդ ուղղությամբ մենք մեր հարաբերությունները պետք է խորացնենք: ՀԱՊԿ-ի հետ կապված մենք պետք է զարգացնենք կազմակերպությունը: Այս նոր իրավիճակներին ՀԱՊԿ-ը պետք է սովորի ու մեխանիզմներ կատարելագործի»,-նշեց Փաշինյանը:
«5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը նույնպես շեշտեց, որ պետք է առաջնային հույսը դնել մեր բանակի վրա.
«Մենք պետք է ինքնահարգանք ունենանք: Այն ազգը, որը չունի ինքնահարգանք, աշխարհը նրան տալու ոչ մի բան չունի»: Տոնոյանի խոսքով հարաբերությունները այլ երկրների հետ պետք է կազմել այնպես, որ առաջնային լինի մեր պետության շահը:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ իր խոսքում նշեց, երբ քաղաքացին գնա ընտրության պետք է իրեն մեկ հարց տա.
«Պետք է հարց տա, թե ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել ինքը: Հայաստան, որը կախված է մեկ գերտերության քմահաճույքների՞ց, թե՞ բալանսավորված արտաքին քաղաքականությամբ Հայաստան: Եթե քաղաքացին որոշի, որ բալանսավորված արտաքին քաղաքականությամբ պետություն է ուզում, թող իր ձայնը տա մեզ: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի հետ թշնամական հարաբերություններ ունենալ, բայց մեր ամբողջ հույսը թողնել մեկ պետության վրա, մենք համարում ենք անթույլատրելի, քանի որ այդ երկիրը դառնում է անկառավարելի»,-եզրափակեց Սարգսյանը: