«Դուր է գալիս, դուր չի գալիս, դիմացի՛ր, իմ գեղեցկուհի». Պեսկովը մեկնաբանել է Պուտինի՝ Կիևին առնչվող խոսքերը (տեսանյութ)
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի խոսքը. «դուր է գալիս, թե չէ, դիմացի՛ր, իմ գեղեցկուհի», որն առնչվում էր Կիևին և Մինսկի համաձայնագրերին: Նման արտահայտչամիջոց ՌԴ ղեկավարն օգտագործել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսում:
Պեսկովի խոսքով՝ Պուտինը նկատի ուներ, որ Ուկրաինան պետք է կատարի ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Նախագահը նկատի ուներ, որ եթե պետությունը պատասխանատվություն է ստանձնել, եթե երկրի ղեկավարը ստորագրություն է դրել, ապա այդ պարտականությունները պետք է իրականացնել»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը նաև կատակել է, որ ֆրանսիացի լրագրողներին դժվար է եղել թարգմանել Պուտինի այդ խոսքերը:
«Ուկրաինայի գործող նախագահը վերջերս հայտարարել է, որ իրեն Մինսկի համաձայնագրերի կետերից ոչ մեկը դուր չի գալիս: Դուր է գալիս, դուր չի գալիս, դիմացի՛ր, իմ գեղեցկուհի, պետք է կատարել: Այլ կերպ չի լինի»,- ասել է Պուտինը ասուլիսի ժամանակ:
Պուտինի ելույթն այս հարցի վերաբերյալ կարող եք լսել 38:30 րոպեից:
Tert.am