ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԻԹԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿՈՐՑՐԵԼ
Համացանցում ակտիվ շրջանառվում է Ս.Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ վերջինս, ակնարկելով իր սպայի պատվի մասին, խաչակնքվելով, հայտարարում է, եթե ինքը լիներ 44 օրյա պատերազմի ժամանակ Գերագույն հրամանատար, ապա այդպիսի արդյունքներ ունենալու դեպքում ինքնասպան կլիներ:
Տարօրինակ է նաև, որ Սերժ Սարգսյանը զարմանում է, թե ինչու վարչապետի աթոռը զբաղեցնողը, ըստ իրեն՝ երկիրը կործանելուց և կապիտուլացվելուց հետո հրաժարական չի տալիս, կամ ինքնասպան չի լինում:Այստեղ ընդամենը կարծում եմ, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղակի գերազանցել է իր ուսուցիչներից մեկին, հենց նույն Սերժ Սարգսյանին, այլ կերպ ասած ինչ տեսել է, այն էլ սովորել է:
Ամեն դեպքում, անկախ Ս.Սարգսյանի դերասանական խաղից, ակամայից հիշեցի Ստանիսլավսկու հանրահայտ խոսքը՝ ՙՙՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ՚՚, քանի որ Ս.Սարգսյանը իր պաշտոնավարման տարիներին, առնվազն երկու անգամ ունեցել է այդ հնարավորությունը և ինչպես տեսնում ենք չի արել:
Այսպես՝
Սերժ Սարգսյանը եթե ունենար տարրական սպայի պատիվ, պետք է ինքնասպան լիներ, կամ գոնե հրաժարական տար՝
1. 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ լինելով ԱԱԾ ղեկավար թույլ տվեց,որ տեղի ունենա հոկտեմբերի 27-ի սպանդը: Մինչդեռ սպայի պատվից բխող գործողություններ կատարելու փոխարեն դարձավ ՊՆ Նախարար իսկ հետո ՀՀ Նախագահ:
2. 2016թ-ի ապրիլյան քառօրյայից հետո, երբ ՀՀ-ն տվեց 100-ից ավել զոհ և 800 հեկտար տարածքային կորուստ, Սերժ Սարգսյանը ոչ միայն չկատարեց սպայի պատվից բխող գործողություններ, այլ փոփոխեց սահմանադրությունը, դրժեց իր խոսքը և դարձավ ՀՀ Վարչապետ:
Ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանի աշակերտը լավագույնս կրկնում է իր ուսուցչի ճանապարհը, երկիրը տապալելու ամեն մի խայտառակ գործողությունից հետո ոչ միայն հրաժարական չի տալիս, այլ ուսուցչի պես կեղծելով ընտրությունները շարունակում է ստով և կեղծիքով պաշտոնավարել:
Իսկ այժմ չկորցրած հնարավորության մասին:
Այն որ այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, հստակ պայմանավորվածությամբ և երաշխիքներով, իշխանությունը նվեր տվեց Սերժ Սարգսյանը կարծում եմ որևիցե ողջախող մարդու մոտ կասկած չի հարուցում, որից էլ բխում է, որ Սերժ Սարգսյանը հավասարապես կիսում է իր հոգեզավակի գործողությունների պատասխանատվությունը և եթե գտնում է, հենց իր իսկ խոսքերից՝ երկիրը կործանման հասցնելը, թալանելը, հողային և մարդկային կորուստները բավարար հիմք են ինքնասպան լինելու համար, ապա կարծում եմ նա ունի այդ հնարավորությունը:
Սակայն անձամբ ես կհորդորեմ նրան չգնալ այդ քայլին, քանի որ կարծում եմ Հայոց պետականության համար պատմական նշանակություն կունենա Սերժ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը Նոր Հայաստանի արդար դատարանում, որտեղ վերջինս կբացահայտի ՀՀ-ում վերջին եռեսուն տարվա ընթացքում տեղի ունեցող հանրահայտ ԱՐՑԱԽԻ ՎԱՃԱՌՔ աՆՎԱՆՄԱՄԲ ներկայացման արարների վրա:
Արար 1-ին, 1998թ-ի իշխանափոխություն
Արար 2-րդ, 1999թ-ի հոկտեմբերի 27
Արար 3-րդ, 2018թ-ի իշխանափոխություն
Ներկայացման ավարտ՝ 44 օրյա պատերազմ:
Առողջություն քեզ Ազատիչ, դու մեզ դեռ պետք ես դատարանում:
Չնայած իզուր էլ անհանգստանում եմ՝ դու ուր, այն էլ սպայի պատվի շարժառիթով ինքնասպանություն գործելն ուր:
Ինչպես կասեր Ստանիսլավսկին ՙՙՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ՚՚:
Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք