Հաստատվել է Սեւան խոշորացված համայնքի ընթացիկ տարվա նախնական բյուջեն
Սեւան խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստում հաստատվել է համայնքի 2022 թվականի տարեկան նախնական բյուջեն, որը կազմում է 1 միլիարդ 723 միլիոն դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի 2022 թ. բյուջեն ներկայացնելուց առաջ համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նշել է, որ ընթացիկ տարվա բյուջեն հավակնոտ է, կապիտալ ծախսերի մասով բավականին ներկայացուցչական։
Նախընտրական ծրագրի շատ դրույթներ կյանքի կոչելու համար բնակավայրերում համապատասխան մասնագետների կողմից արդեն իսկ իրականացվել է կարիքների գնահատում, առանձնացվել են առաջնահերթությունները, որոնք առաջիկա տարիներին դառնալու են կոնկրետ ծրագրեր։
Ծրագրերի մեկնարկը տրվելու է այս տարի, որոնց իրականացման համար արդեն իսկ համայնքը մշակել է սուբվենցիոն հայտերի առաջարկներ։
«Մեր հիմնական նպատակն է եւ ցանկությունը, որ համայնքը դառնա ներկայանալի ու բարեկարգ, եւ կազմված բյուջեն էլ միտված է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների կյանքի կոչմանը։ Մենք արդեն գործում ենք միավորված համայնքում, եւ ամիսներ անց կարող ենք արձանագրել, թե բյուջեն որքանով է իրատեսական»,- ասել է համայնքի ղեկավարը։
Համայնքի ավագանին հաստատել է այն՝ 1 միլիարդ 723 միլիոն 700 հազար դրամի չափով։
Նիստին ներկայացված մյուս հարցը վերաբերել է Սեւանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2022 թվականի հաստիքացուցակների, աշխատակիցների թվաքանակի եւ պաշտոնային դրույքաչափերի հաստատմանը, որի վերաբերյալ համայնքի ավագանին կայացրել է համապատասխան որոշում։
Համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ հաստատվել է Սեւան համայնքի 2022 թ. տեղական տուրքերի, վճարների տեսակները եւ դրույքաչափերը, ինչին հաջորդել է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց ընթացիկ տարում գանձվող վճարների դրույքաչափերի սահմանումը։
Նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2022 թվականի ՀՀ պետբյուջեից համայնքներին հատկացվելու են սուբվենցիաներ, համայնքի ավագանին համաձայնել է համայնքի ղեկավարի առաջարկությանը եւ ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար նպատակահարմար համարել՝ իրականացնելու տնտեսական զարգացման ծրագրեր: Սահմանվել է, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերն իրականացնելու եւ համայնքային ներդրում կատարելու համար:
Այնուհետև ներկայացվել է Սեւան համայնքի 2021թ. բյուջեի կատարողականը։ Համայնքի ղեկավարը նշել է, որ 2021թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 102․7 տոկոսով։ Ինչպես հավաստել է Սարգիս Մուրադյանը՝ ապահովված բարձր արդյունքի շնորհիվ Սեւանի համայնքապետարանը մարել է նախորդ տարիներից մնացած պարտքերը, իրականացրել նախատեսված բոլոր ծրագրերը, իսկ 2021թ. եւ նախորդ տարիների աշխատանքային փորձը ներդրվելու է նաեւ այս տարի, որը թույլ կտա գրանցելու տեսանելի արդյունք։
Համայնքի ավագանու քննարկմանն են ներկայացվել Սեւան համայնքում եւ համայնքապետարանի աշխատակազմում ներդրվող մի շարք կարգեր, որոնց վերաբերյալ եւս կայացվել են համապատասխան որոշումներ։
Համայնքի ավագանու հաջորդ նիստը կայանալու է մարտի 10-ին։
Խոսրով Խլղաթյան
Armenpress.am