Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում՝ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ավստրիական զարգացման գործակալության միջև: Այս մասին հաղորդում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը:

Այս հուշագրի ստորագրմամբ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսը հաստատել են ընդհանուր նպատակը՝ ամրապնդել տեսչական մարմնի և դրա ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ սննդի անվտանգության վերահսկման ոլորտում ռիսկերի գնահատման և ռիսկերի կառավարման ընթացակարգերի ներդրման միջոցով, ինչպես նաև խթանելով ԵՄ սննդի համակարգի ստանդարտները և սննդի որակի վերահսկման մեխանիզմը՝ ՀՀ անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում:

Սա նաև հիմք է սննդամթերքի անվտանգության ոլորտի տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ համագործակցելու համար. ՍԱՏՄ անձնակազմին կտրամադրվեն ուսումնական ծրագրեր, որոնք ներառում են նաև վերապատրաստումներ: Ծրագիրը նախատեսում է տեխնիկական աջակցության տրամադրում ՀԱԲԼԾԿ լաբորատորիաներին, ներառյալ` թունաքիմիկատների մնացորդների հայտնաբերման ժամանակակից մեթոդների ներդնում, լաբորատորիայի ներկայիս սարքավորումների արդիականացում և նոր ներդրված մեթոդների շուրջ՝ լաբորատորիայի անձնակազմի կարողությունների զարգացում։

Այս համագործակցությունը մեծապես կնպաստի ՍԱՏՄ կարողությունների զարգացմանն ու վերահսկողության գործիքների օգտագործումը կդարձնի առավել հասցեական: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն