ԱԺ իշխանական կանայք՝ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, եւ նրանց հետ նաեւ Արման Եղոյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի հրավերով 2022 թվականի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 3-ն այցելել էին Լյուքսեմբուրգ՝ գործուղման։ Ավելի ճիշտ՝ բյուջեի հաշվին շրջագայության էին մեկնել։ Պատվիրակության ղեկավարը եղել է Սոնա Ղազարյանը։ Թե ինչ են արել նրանք՝ բացի նկարվելուց, լյուքսեմբուրգցիների հետ ինչ «կարեւոր նշանակության» հարցեր են քննարկել, փորձեցինք պարզել շրջագայությանը մասնակցած ՔՊ-ական կանանցից։ Արուսյակ Ջուլհակյանը սկզբում ասաց, թե հաշվետվությունը կլինի՝ կիմանանք, թե ինչ կարեւոր առաքելությամբ էին մեկնել իրենք Լյուքսեմբուրգ։ Երեւի մեկնել են հայ-լյուքսեմբուրգյան ջերմ հարաբերություններն էլ ավելի ջերմացնելու։

Հիշեցրինք, որ նախկինում հենց իրենք եւ իրենց թիմի առաջնորդն էին քննադատում, որ պատգամավորները բյուջեի հաշվին ճամփորդում են, վոյաժների մեջ են, հիմա նույնն իրենք են անում։ Ջուլհակյանն ասաց․ «Մենք գնում ենք աշխատանք իրականացնելու, հաշվետվությունը կլինի՝ կիմանաք։ Մեր ամբողջ պատվիրակությունը կարեւոր գործ է էնտեղ կատարել, կարող եք նաեւ դիմել դեսպանին, եւ նա կասի»։

Հարցրինք՝ իսկ ինչպե՞ս են ներկայացրել Հայաստանի շահը Լյուքսեմբուրգում, պատգամավորն ասաց․ «Շատ լավ ենք ներկայացրել»։ Հիշեցրինք՝ գիտենք, թե այդ հաշվետվություններն ինչպես են կազմվում եւ հիմնականում ինչ բովանդակություն են ունենում՝ գնացինք, հանդիպեցինք, իրար ողջունեցինք եւ այլն, հիմա դրանից Հայաստանն ի՞նչ է շահել կամ ի՞նչ է շահելու։ Ջուլհակյանը կրկնեց, որ հաշվետվությունը կլինի՝ կիմանանք։ Իսկ ինքն այս պահին եւ իր մասով չի՞ կարող ասել՝ ինչ կարեւոր գործ է կատարել Հայաստանի համար այդ գործուղման շրջանակներում, սակայն ՔՊ-ական տիկինը համառ էր եւ չկարողացավ որեւէ օգտակար բան նշել իր հնգօրյա աշխատանքից, ուստի ասաց․ «Ես պատվիրակության ներկայացուցիչ եմ, ես անհատ չեմ»։

Նշենք, որ նախկինում էլ ՀՀԿ կանայք բյուջեի հաշվին ճամփորդությունների էին մեկնում՝ անունը դնելով, թե հույժ կարեւոր առաքելությամբ մեկնել են այս կամ այն երկիր ու եթե իրենք չմեկնեին, մեր երկիրը շատ լուրջ կտուժեր դրանից։ Հիմա նույնը ՔՊ-ականներն են անում, այդ թվում՝ կանայք, որոնք իրենց խելքով, գիտելիքներով ու պետության շահը ներկայացնելու ձգտումով անհամեմատ զիջում են ՀՀԿ-ականներին, եւ նրանց պարագայում բյուջեի միջոցներն էլ ավելի շատ կարելի է մսխած համարել, քան նախկինների դեպքում էր։



Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն