Բյուջեի կատարողականը պատրաստ է․ որքան եկամուտ է ունեցել քաղաքապետարանը
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Ըստ այդմ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 81,729,646.4 հազար դրամ` ծրագրված (ճշտված) 85,801,844.1 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 95.3%։ Ընդ որում` Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 84,493,669.8 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 80,667,846.4 հազար դրամ՝ ապահովելով 95.5% կատարողական:
Երևան քաղաքի 2021 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 30,694,325.8 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 30,611,350.8 հազար դրամ կամ 99.7%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավել է 2020 թվականի համապատասխան ցուցանիշից 6,082,399.0 հազար դրամով։
Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80,353,278.8 հազար դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 73.3%-ը։ Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ:
Հարկ է նշել, որ 2021 թվականի բյուջեի ծրագրված (ճշտված) 23,835,086.9 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 1,376,367.6 հազար դրամ հավելուրդով։
Ն․Հ․
ArmLur.am