«Թշնամու համար Կարմիր Շուկան մեծ նշանակություն ունի, այդ պատճառով էլ փորձում է խուճապ տարածելով՝ դատարկել». Մետաքսե Հակոբյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր տեղեկացրելէր, որ փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ արդեն խոսել է Կարմիր Շուկայի բնակիչների հետ, նրանք փոխանցել են, որ թշնամին սկսել է կրակել լուսադեմին՝ առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում։
«Թշնամին կոնկրետ տուն է թիրախավորել ու կրակել է տվյալ տան պատուհաններին։ Փառք Աստծո, վիրավոր, զոհ չունենք, առաջինը բանը սա եմ ճշտել։ Ըստ բնակիչների տեսածի՝ մեկ հոգի է կրակն արձակել և իր նպատակին հասնելուց հետո դադարեցրել է։ Միջադեպին անմիջապես արձագանքել են ռուս խաղաղապահները, մեր զինվորականները։ Մինչ այս պահը նրանք տեղում աշխատում են, քանի որ բնակիչների լսածով ու տեսածով չեն կարող եզրահանգումներ անել, գուցե լինեն նաև այլ վնասված տներ։ Աշխատանքներն ավատելուց հետո ավելի ճշգրիտ ու ամփոփ տվյալներ կներկայացնեն»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ի պատասխան հարցադրումների՝ ինչո՞ւ է թշնամին հաճախ թիրախավորում Կարմիր Շուկան, ի՞նչ նպատակներ է հետապնդում, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ թշնամին Կարմիր Շուկայից ակնկալիքներ ունի, քանի որ տեղի ճանապարհը նրանց համար ռազմավարական նշանակություն ունի։
Թեև Արցախի ղեկավարը հայտարարել էր, որ այդ ճանապարհը թշնամին չի օգտագործի, քանի որ այլընտրանքային ճանապարհ է կառուցում, սակայն թշնամին Կարմիր Շուկայի ճանապարհից հաճախ է օգտվում։
«Այստեղ խնդիր է նաև այն, որ թշնամու դիրքերը շատ մոտ են Կարմիր Շուկային։ Կոնկրետ բնակիչներն ասում են՝ ով գիտի՝ գուցե թշնամու զինվորը հարբել ու որոշել է կրակել խաղաղ բնակավայրերի վրա։ Այսինքն՝ ստացվում է, որ տեղի բնակիչների կյանքն ամեն վայրկյան կախված է թշնամու քմահաճույքներից ու տրամադրությունից։
Կարմիր Շուկան նաև Արցախի ամենամեծ ու ամենազարգացած գյուղերից մեկն է։ Հետևաբար՝ թշնամու համար այն մեծ նշանակություն ունի, այդ պատճառով էլ փորձում է խուճապ տարածելով՝ այն դատարկել։ Բայց, փառք Աստծո, Թաղավարդի ու Կարմիր Շուկայի բնակիչները որևէ տեղ գնալու միտք չունեն, նրանք մեծ կամք ունեն ու շարունակելու են այդ պայմաններում ապրել՝ չտրվելով սադրանքների։ Այստեղ կարևոր է նաև այն գործոնը, որ տվյալ տարածքում տեղյակայված են ռուս խաղաղապահները, նրանց հետ են նաև մեր զինվորականները, եթե այս հանգամանքը չլիներ, չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ Կարմիր Շուկայի հետ։ Այստեղ մարդիկ պաշտպանում են իրենց ապրելու իրավունքը, ինչն ավելի է կատաղեցնում քոչվոր ցեղին»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
7or.am