«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քիչ առաջ քվեարկեց Երեւանի Ծարավ Աղբյուր 55 Ա հասցեում գտնվող թիվ 1/20 ընտրատեղամասում:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իրենք քվեարկում են հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար.

«Մենք ասել ենք, որ վաղվանից երկրում ներքաղաքական հաշտությունն ու համերաշխությունը վերականգնելու ժամանակն է, բնականաբար, ավելի վաղ կարելի էր անել, բայց ընտրությունները մեզ համար շանս են՝ այս իրավիճակում այդ քայլը կատարելու: Ես մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումը այլընտրանք չեն ունենա մեզ համար, որովհետեւ մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում: Այս իմաստով է, որ մենք ուղղակի այլընտրանք չունենք, պետք է մեր փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնենք՝ հանուն ավելի մեծ ճշմարտության, հանուն ավելի մեծ արժեքի, որ մենք պետություն, պետականություն ունենանք: Ահա, թե ինչի համար եմ ես քվեարկել»:

Խոսելով քարոզարշավի մասին՝ Մարուքյանն ասաց, որ այս քարոզարշավի բառամթերքն էր շատ վատը, եւ այդ իմաստով բավականին բարձր էր թե՛ ատելության, թե՛ բռնության քարոզչությունը:

«Այն ակնկալիքները, որ եսիմ ինչեր կլինեն, բնականաբար, լավ է, որ չեղան: Այսօրվա ակնկալիքներն էլ չեն արդարանալու, ամբողջովին շատ հանգիստ է անցնելու: Վաղվա հետ կապված էլ մենք արդեն ունենք ծանուցումներ, որ 2 բեւեռները պետք է ցույցեր անեն: Ես կարծում եմ, որ ընտրատեղամասերում մեր քաղաքացիները քվեատուփերի մեջ այնպես են քվեարկելու, որ դրա հնարավորությունը չի լինելու: Այսինքն՝ չի լինելու մի ուժ, որը կարող է ասել՝ հաղթել է միայնակ: Գալու ենք այն գաղափարին, որ պետք է բոլորով նստենք 1 սեղանի շուրջ եւ ձեւավորենք ազգային համաձայնության կառավարություն: Միայն այս պարագայում է, որ մենք կկարողանանք այս վիճակից դուրս գալու ելքը գտնել: Ոչ մի ուժ, առանձին վերցրած, չունի հնարավորություն երկիրն այս վիճակից հանելու»,- ասաց Մարուքյանը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն