Կոչ ենք անում հայերին` անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից. Պետդեպի խոսնակ
Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
«Ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության ընդհանուր դրական գնահատականը: Գոհ ենք այն առումով, որ ԺՀՄԻԳ նախնական եզրակացության մեջ նշվում է, որ ընտրողների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվել են, մասնակիցներն ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորություն են ունեցել, և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել ընտրությունների օրը կայացած ձայների հաշվարկը:
«ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի հետ մեր համագործակցության ամրապնդման գործին` հիմնված համընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Ողջունում ենք Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, որոնք առնչվում են բարեփոխումներին և հակակոռուպցիոն ջանքերին, և խրախուսում ենք Հայաստանին շարունակել այդ ուղով ընթանալ` 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի արտահայտած ձգտումների համաձայն:
Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին հարգել օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները և աշխատել նոր կառավարության հետ` ընդլայնելու մեր երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը»,- շեշտել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Փրայսը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ է արել աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը: