Ռուսաստանը վատ մտադրություններ չունի իր հարևանների նկատմամբ. Պուտին
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Էներգոդար քաղաքը, Եվրոպայի ամենախոշոր՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը և մոտակա շրջանները՝ հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Անձնակազմը վերահսկում է էներգաբլոկների վիճակը և ապահովում դրանց շահագործումն անվտանգության պահանջներին համապատասխան։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ գիշերը ուկրաինական կողմը սադրիչ գործողություններ է իրականացրել կայանի հարակից տարածքում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ ռուսական կողմն է կրակ բացել ատոմակայանի ուղղությամբ։ Նա հերթական անգամ պահանջել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և փակել Ուկրաինայի օդային տարածքը։
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ամփոփելով Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության ընթացքը՝ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՌԴ զինված ուժերն ընդհանուր առմամբ խոցել են ավելի քան 1800 ռազմական օբյեկտ: Գերատեսչության տվյալով` Ուկրաինայի տարածքի մեծ մասում ստեղծվել է ճգնաժամային հումանիտար իրավիճակ, ինչն աստիճանաբար ավելի է վատթարանում։ Ռուսական կողմը Ղրիմից արդեն ավելի քան 100 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել ուկրաինական մի շարք բնակավայրեր։
Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաք Կիևի ուղղությամբ։
Բելառուսական կողմն էլ հայտնել է երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու մասին՝ հնարավոր սադրանքները կանխելու համար։
Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության իրականացման ընթացքին և ստեղծված իրավիճակին, հայտարարել՝ ռուսները և ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման հատուկ գործողությունն իրակացվում է ժամանակացույցի խիստ պահպանմամբ․ առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ լուծվում են։ Դոնբասում մեր մարդկանց պաշտպանելու, մեր հայրենիքի անվտանգության ապահովման հարցում ռուս զինվորներն ու սպաները գործում են ինչպես իսկական հերոսներ։ Նրանք միջանցքներ են ապահովել, որպեսզի խաղաղ բնակիչները, օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունենան տեղափոխվելու անվտանգ վայր: Կրկին շեշտեմ՝ ազգայնականները, սակայն, թույլ չեն տալիս դա անել:
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում կան օտարերկրյա վարձկաններ, այդ թվում` Մերձավոր Արևելքից։ Նա նաև հորդորել է հարևան երկրներին չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ամփոփվել են նաև Բելառուսում երեկ երեկոյան կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը չստացավ այն, ինչ ակնկալում էր, կողմերին հաջողվել է համաձայնության գալ միայն հումանիտար միջանցքների ստեղծման հարցում։
«Տարհանման ընթացքում կրակը ժամանակավորապես կդադարեցվի։ Բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի հաջորդ շաբաթվա սկզբին՝ Բելառուսում»,- ընդգծել է նա։
Ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ պատրաստ է ապահովելու մարդասիրական բեռների առաքումը, և ուկրաինական զորքերը երաշխավորում են միջանցքներով անվտանգ անցումը։ Պաշտոնական Կիևը հումանիտար միջանցքների հնարավորինս արագ կազմակերպման խնդրանքով դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի խոսքով էլ՝ բանակցություններում քննարկվող հիմնական հարցը եղել է որոշ զինատեսակներ չտեղակայումը, ոչ թե ապազգայնականացումը։
Պոդոլյակի խոսքերը հաստատել է ՌԴ նախագահի օգնական, բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Նրա խոսքով՝ կողմերը մանրամասն քննարկել են հումանիտար, ռազմական հարցեր, ինչպես նաև իրավիճակը քաղաքական եղանակով կարգավորելու հնարավորությունը։
Ուկրաինական պատվիրակության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները Մեդինսկին զգալի առաջընթաց է որակել։ Ռուսական կողմը հայտնել է նաև, որ պատվիրակությունների միջև համաձայնությունները մոտ ապագայում կամրագրվեն բարձրագույն մակարդակով։
Անդրադառնալով Մոսկվայի հետ բանակցություններին՝ Վոլոդիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ դրանք իմաստ ունեն, սակայն կան հարցեր, որոնց շուրջ փոխզիջում լինել չի կարող։ Զելենսկին նաև պատրաստակամություն է հայտնել խոսելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամեն ինչի, այդ թվում՝ Դոնբասի մասին։ Նա նշել է, որ Գերմանիան պետք է դառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, վստահություն հայտնել՝ Էրդողանը կլինի Ուկրաինայի անվտանգության երաշխավորների ցուցակում։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Եթե ՆԱՏՕ-ն քաջություն չունի հիմա փակելու Ուկրաինայի օդային տարածքը, թող ժամկետներ նշի՝ երբ կկարողանա, կամ թող գոնե ինքնաթիռներ տրամադրի։ Նոր ինքնաթիռները շա՞տ թանկ են։ Դրանք ավելի թանկ են անգամ մարդկային կյանքի՞ց։
ԱՄՆ-Ն ՌԴ-Ի ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է
Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի հաստատելու Կիևի դիմումներին անդրադարձել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին՝ բացառելով նման հնարավորությունը։
Ջեն Սակի (Սպիտակ տան մամուլի քարտուղար) - ԱՄՆ-ն չի պատրաստվում ոչ թռիչքային գոտի ստեղծել Ուկրաինայի երկնքում։ Դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ, ինչից Վաշինգտոնը ցանկանում է խուսափել։
Սակիի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները, չնայած Ուկրաինայի պահանջին, Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից զրկելու հնարավորություն չեն դիտարկում։
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպես չափազանց կարևոր է համարում խուսափել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման հանգեցնող իրավիճակներից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ մեկ անգամ ևս հաստատել է՝ դաշինքն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և Ռուսաստանի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն կավելացնի իր ներկայությունը Ռուսաստանի սահմաններին։ Նման դիրքորոշում է հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Հակամարտության դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր թիզը»,- ընդգծել է նա:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը քվեարկել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում մարդու իրավունքների խախտումների հետաքննության անցկացման մասին բանաձևի օգտին: Կձևավորվի հատուկ հանձնաժողով, ըստ նախնական տվյալի՝ այն դեռևս կգործի 1 տարի։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 32 պետություն, դեմ են արտահայտվել Ռուսաստանը և Էրիթրեան, ձեռնպահ է մնացել 13 երկիր, այդ թվում՝ Չինաստանն ու Հնդկաստանը։ ԵՄ-ն էլ հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանապահ համագործակցության ծրագրերը։
1lurer.am