Փետրվարին եվրագոտու երկրներում գնաճը 1999 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշին է հասել՝ 5.8 տոկոս: Հիմնական պատճառը էներգակիրների բարձր գներն են: Հարևան երկրներից հրապարակվել են այս պահին Թուրքիայի և Վրաստանի տվյալները. գնաճը, համապատասխանաբար, 54.4 և 13.7 տոկոս: Հայաստանում նախորդ ամիսներին գնաճը գերազանցում էր 7 տոկոսը, այս տարվա փետրվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն 6.5 տոկոս է:

Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Ամիս-ամիս մենք տեսնում ենք, որ, այո, գնաճը նվազում է: Բնականաբար, այս տեմպերի նվազմանը նպաստեց ՀՀ Կենտրոնական բանկի վարած զսպող դրամավարկային քաղաքականությունը: Մասնավորապես՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը մինչև 8 տոկոս:

Վերջին տվյալով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները Հայաստանում աճել են 11.4, ալկոհոլային խմիչքներինն ու ծխախոտինը՝ 7.7, հագուստինն ու կոշիկինը՝ 9.3 տոկոսով: Հիմնական սպառման ապրանքներից ձվի գինը նվազել է 1 տոկոսով, կարագինը աճել է 7.8 տոկոսով, շաքարինն ու շաքարավազինը՝ 18.2, պանրի գինը՝ 17.2 տոկոսով: Թռչնամսի, գառան, տավարի, խոզի մսերի գինն էլ աճել է, համապատասխանաբար, 6.8, 7.6, 8.0 և 31.8 տոկոսով: Կաղամբի գինն աճել է 3.8 անգամ, իսկ կարտոֆիլինը` 71.4 տոկոսով: Թանկացել են նաև բենզինը և դիզվառելիքը՝ 31.2 և 44.6 տոկոսով: Մինչև Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները գներն աշխարհում նվազման միտում ունեին, սակայն ներկա իրավիճակն արդեն ազդում է ապրանքների գնի վրա՝ նշում է Կարեն Սարգսյանը:

Կարեն Սարգսյան - Հիմա արդեն իսկ քննարկվում է ԱՄՆ-ի կողմից այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման նույնիսկ հետաձգումը, իհարկե, հստակ տեղեկատվություն մենք կունենանք մարտի վերջերին: Այնուամենայնիվ քննարկվում է, որովհետև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով՝ նաև արտասահմանյան ֆինանսական շուկաներն են որոշակիորեն իրացվելիությունից զրկում:

Հայաստանը գնաճային առումով ավելի լավ վիճակում է, քան հարևան երկրները, բայց քանի որ ներմուծող երկիր է, իրավիճակով պայմանավորված հնարավոր գնաճը մեր երկիրը չի շրջանցի: Էներգակիրներից մինչև սպառման ապրանքներ, գնաճն ամեն տեղ կզգացվի՝ նշում է տնտեսագետը:

Կարեն Սարգսյան - Ռուսաստանի ներքին շուկայում արդեն իսկ նկատվում են գնի որոշակի բարձրացումներ, քանի որ ռուբլու արժեզրկումը արդեն իսկ բավական մեծ չափերով նպաստում է ներքին շուկայում գնաճային սպասումների ընդլայնմանը, և հնարավոր է, որոշ կանխատեսումներով, մինչև երկնիշ գնաճ այնտեղ լինի, և դա ինքնաբերաբար նաև այդ երկրից արտահանող երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար կստեղծի նոր գնաճային միջավայր»:

Աշխարհաքաղաքական լարված իրավիճակի հետևանքով առաջ եկած լոգիստիկ խնդիրները ևս կարող են ազդել գնաճի վրա: Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին գնաճը կկազմի 5-ից 5.5 տոկոս:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն