«Սխալներ ունեցել ենք բոլորս: Եթե երեք նախագահները միավորվեին ինչ արդյունք կունենային, մենք չգիտենք: Չեն միավորվել, չենք կարող հիմա ենթադրություններով խոսել»:

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում պաատսխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ, եթե երեք նախագահները միանային, հաղթանակ կարող էին ունենալ, ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ ունեցել են սխալներ, այդ պատճառով էլ հիմա կա այսպիսի արդյունք: «Սխալներ ունեցել ենք թե մենք, թե մնացած ուժերը, որ այսօր ունենք նման արդյունքներ»:

«Պետք է հասկանանք, թե ինչպես ուղղել այդ սխալները: Ընտրությունների արդյունքներով չլուծվեցին մեր երկրում Արցախյան հակամարտության, ՀՀ-ի տարածքում արդեն մեկ ամսից ավել գտնվող ադրբեջանցի զինվորականների, տնտեսական և այլ հարցեր»:

Դաշինքի վարչապետի թեկնածուի կարծիքով՝ այժմ օրհասական է երկրում անվտանգությանը վերաբերող հարցերի լուծման ուղիների գտնելը.

«Մենք ուզո՞ւմ ենք ունենալ Հայաստան, ուզո՞ւմ ենք ապրել Հայաստանում, թե՞ չենք ուզում: Ես Հայաստանից որևէ տեղ չեմ գնալու: Եվ իմ ուժերի ներածին չափով անելու եմ ամեն ինչ, որ Հայաստանը լինի հզոր, ինքնիշխան, իսկ մարդիկ էլ ապրեն լավ ու ապահով»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն