Ռուս խաղաղապահները Սյունիքում կարող են տեղակայվել միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական ԶՈւ-ն դուրս գա. Ավինյան
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակներում չընդգրկված Տիգրան Ավինյանը որտե՞ղ է իրեն տեսնում: Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը մասնակցող Ավինյանն իրեն ուղղված հարցադրմանն ասաց, քանի դեռ ԱԺ-ն ու Կառավարությունը ձևավորված չեն, հարցը չի մեկնաբանի:
Բայց միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության համար աշխատանքի, զարգացման, առաջընթացի լավ ժամանակաշրջան է բացվում:
Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, ապա, ըստ Ավինյանի, գործընթացը շարունակական է: Հեշտ չէ, սակայն Հայաստանը փոխհամաձայնությամբ գերիների խնդիրը լուծելու հնարավորություն ունի:
Հնարավո՞ր է արդյոք, որ Սյունիքում, հայ-ադրբեջանական սահմանում տեղակայվեն ռուս խաղաղապահ ուժեր: Ավինյանն ասաց, այդ բանակցություններն ընթացքի մեջ են:
«Մեր դիրքերում մենք հետ քայլի տեղ չունենք, ադրբեջանական ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից և մենք ջանք ու եռանդ չենք խնայի դրա համար: Ռուսական կողմի հետ կա քննարկում, սակայն ռուս խաղաղապահները կտեղակայվեն միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը դուրս գան»,-շեշտեց Ավինյանը: