Շենգավիթում կատարված սպանության փորձը բացահայտվել է. ոստիկանությունը տեսանյութ է տարածել
Մայիսի 25-ի երեկոյան «Շենգավիթ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի Բագրատունյաց փողոցի 27-ամյա մի բնակիչ: Ախտորոշվել էր հրազենային թափանցող վնասվածք։ Ժամը 19.30-ին այդ մասին հաղորդում ստացվեց ոստիկանության Շենգավիթի բաժնում։ Երիտասարդը բուժհաստատություն էր տեղափոխվել Բագրատունյաց փողոցից։
Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց ու դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։ Բագրատունյաց փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բակում հայտնաբերվեց տուժողի «ԲՄՎ»-ն։ Մեքենայի վրա կրակոցի հետքեր կային։ Դեպքի վայր եկան նաև քննչական խմբեր ու փորձաքրեագետներ, որոնք զննեցին տարածքը։ Կրակված պարկուճներ չհայտնաբերվեցին։ Վարկած առաջ քաշվեց, որ ինչ-որ մեքենայի սրահից էին կրակել տուժողի մեքենայի ուղղությամբ։
Առաջ քաշված վարկածը հետագայում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հաստատվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց պարզվեց կասկածվողի ինքնությունը։ Երևանում բնակվող 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Հունիսի 5-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Հայտնաբերման միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք տարվեց: Հունիսի 21-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։