Հայաստանում Z նշանը անգիտակից շրջանառողների համար
Հայաստանում Z նշանը անգիտակից շրջանառողների համար։
Դա ամենեւին արդարության մարտիկ Զորրոյի Z տառը չէ, ոչ էլ ռուսական բանակն է Ուկրաինայում Զորրոյի կերպարով։
Վ. Պուտինը ուկրաինական ներխուժման երկու "ոչ չափելի' նպատակ է նշել, որից մեկը' "դենացիֆիկացիա"-ն' իբրեւ թե Ուկրաինայում "նացիզմի" արմատախիլ անելը։ Այդ տառն է դաջված նաեւ Ուկրաինայում ռուսական ռազմական տեխնիկայի վրա կամ victory հաղթանակի տառի հետ միասին։ Նացիզմի սվաստիկան երկու Z-երից ստացվող խաչն է, ասել է թե' Ուկրիանայում կազմաքանդելու ու ապամոնտաժելու են այն' մինչեւ վերջին Z-ը, որը ճակատագրի հեգնանքով համընկնում է Ուկրաինայի նախագահ Վ.Զելենսկու ազգանվան առաջին տառի հետ, կոպիտ ասած' այդ ամենից Z տառն է մնալու կամ չի մնալու։
Ես չգիտեմ թե որքան մարդ է ծանոթ ռուսական սոցիալ-հոգեբանական դպրոցներին, մետաֆիզիկական, իռացիոնալ տեսություններին, բայց Ռուսաստանը շատ խորը երկիր է, գիտական դպրոցներ ունի, որոնք ամենեւին Ֆեյսբուքում չեն։ Երբ կարդաք դրանցից ոմանք, կհասկանաք, թե որքան բարդ է ամեն ինչ...
Հայաստանի պետականությունն ատող որոշ երևույթներ, որոնք իրենց հրապարակայնորեն անվանում են "советский человек", առանց ազգության կարևորման, շրջանառության մեջ են դրել մի կասկածահարույց տեսահոլովակ, թե իբր Հայաստանում մարտի 8-ը նշել են Երեւանում Z տառը պատկերող գիշերային լուսային շոույով։ Սա բացարձակ սադրանք է այսպես կոչված "դենացիֆիկացիայի" դիսկուրսը նաեւ Հայաստան բերելու հետ։
Միայն կարճամիտին կարող է թվալ, թե դա ընդամենը ուկրաինական պատերազմում որևէ, տվյալ դեպքում' ռուսական կողմի օգտին համակրանքի դրսեւորում է։
Հետևանքներն ավելի ծանր կարող են լինել, քան պատկերացնում եք։ Եվ ահա թե ինչու'
Կարճաժամկետ կտրվածքով.
1. այս պատերազմում Հայաստանը պաշտոնապես, իսկ հայ հասարակությունը իր մեծամասնության մեջ որդեգրել է չեզոք դիրքորոշում։ Դա, հավատացեք, այլընտրանք չունի։ Եվ ահա, փորձում են նման ֆլեշմոբ ներմուծելու միջոցով կոտրել ներհասարակական ներպետական կոնսենսուսը, որը մեզ մոտեցնելու է պատժամիջոցների դաշտին։ Նրանք, ովքեր դա անում են, պետք է գիտակցեն դրա հետևանքները։
2. ուրիշի պատերազմը սեփական տարածք տեղափոխելը հղի է լրջագույն հետևանքներով, և առաջին հերթին հասարակությունը ևս մեկ' բացարձակապես ոչ մեր խնդրով պառակտելու ու բաժանելու, միասնականությունը փլուզելու ռիսկով։ Հիշեք, թե ինչ ասաց Մոսկվան հայ-ադրբեջանական "ծիրանային" պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիներին ու հայերին բառացի ասաց' ձեր կոնֆլիկտը իմ տարածք չտեղափոխեք։ Անգամ հայկական ու ադրբեջանական կազմակերպությունների ղեկավարները հրավիրվեցին անվտանգության ծառայություններ այդ ուղերձը հստակ ու անձամբ ստանալու համար։ Եվ, հավատացեք, Ռուսաստանը վերին աստիճանի ճիշտ արեց' գիտակցելով դրա հետեանքները։ Հիմա նույն կերպ մենք չպետք է թույլ տանք ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կամ Արևմուտք-Ռուսաստան կոնֆլիկտի տեղափոխում մեր տարածք։ Այս առումով վերին աստիճանի մտահոգիչ է, որ Հայաստանում Z--ի ֆլեշմոբի անոնսը տրվել է հայկական ազգանունով երկու ռուսի' Մարգարիտա Սիմոնյանի ու Սարիկ Անդրեասյանի միջոցով...
Միջնաժամկետ կտրվածքով. "դենացիֆիկացիայի" Z "կոնցեպտը Հայաստանում շրջանառողները պետք է հիշեն ռուսական որոշ շրջանակների վերաբերմունքը կոնկրետ Գարեգին Նժդեհին, նրա արձանին... Ձեր ձեռքերով այդ կոնցեպտը Հայաստան բերելը նշանակելու է ոչ հեռու ապագայում Նժդեհի արձանի, ուսմունքի վրա նրանց բերել.. Չեմ չափազանցացնում, այլ զգուշացնում եմ, թե մինչեւ ուր է տարածվելու "դենացիֆիկացիայի դեմ պայքարի" կոնցեպտը, եթե միջավայր ապահովվի։ Իսկ դրա սկիզբը Z--ն է....
Երկարաժամկետ։ "դենացիֆիկացիայի" կոնցեպտի լիակատար ծավալումը բերելու է նրան, որ ցանկացած անկախական, ազգայնական շարժում կամ երևույթ որակվելու է որպես նացիզմ' հայկական տարբերակով, ու բարձրացվի զոհասեղան։
Հուսամ ողջամտությունը ու հեռատեսությունը կհաղթեն անուղեղությանը։
Մենք դեռ խորապես չենք գիտակցում լիքը բաների պատճառահետևանքային կապ ու թե որքան վատ բան են արել Սարիկն ու Մարգոն։
Առողջ եղեք։
Ստյոպա Սաֆարյան