Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է  Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին: 

«Հարգելի պարոն Խզմալյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար եւ նախեւառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Մենք անցել ենք բավական դժվար մի ժամանակաշրջանով, եւ դրան գումարած՝ նախընտրական շրջանն ընդգծել է տեսակետների բախումը, տարակարծությունները, տարաձայնությունները: Բայց կարծում եմ, որ ընտրություններից հետո ժամանակն է, որպեսզի մեր հանրային եւ ազգային ներուժը համախմբելու մասին մտածենք, եւ մենք հիմա այդ օրակարգով ենք զբաղված:

Հիմնական խնդիրը, որ ձեւակերպում ենք, հետեւյալն է. խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ուժեր, նրանց մի մասն անցել է խորհրդարան, մյուս մասը չի անցել, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի ընտրողների իր հատվածը, որը հանրության որոշակի շերտ եւ տեսակետ է ներկայացնում»,- ասել է Փաշինյանը եւ հավելել, որ իրենք հիմա մտածում են՝ ինչ միջոցներ կարող են ձեռնարկել, որպեսզի արտախորհրդարանական ուժերը եւ կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն։

«Նախ շնորհավորում եմ վերընտրման կապակցությամբ: Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ընդունելու մեզ: Ես չեմ ասում՝ ինձ, որովհետեւ Դուք ինքներդ նշեցիք, որ դա մի  հասարակական զանգված է, եւ չեմ կարծում, որ ամբողջությամբ ներկայացվեց այս ընտրություններին: Այնուամենայնիվ, շնորհակալ եմ առավելեւս: Կարծում եմ, որ Ձեր առջեւ բազմաթիվ խոյացած խնդիրներից երեքն ամենակարեւորն են, եւ եթե թույլ տաք, ես այդ մասին կխոսեմ: Դա երկրի ինքնիշխանության, երկրի, ազգի անվտանգության եւ, բնականաբար, տնտեսության հիմնահարցերն են: Այն զանգվածը, այն գաղափարախոսությունը, որը ներկայացնում է Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, համոզված է, որ այդ 3 հարցերի պատասխանը եվրաինտեգրումն է: Եվ մենք հորդորում ենք Ձեզ հենց այն պատճառով, որ Դուք երկրորդ անգամ փաստորեն ընտրվեցիք որպես խորհրդանիշ, մերժելու խորհրդանիշ. առաջին անգամ Դուք խորհրդանշում էիք «մերժիր Սերժին»՝ դա նշանակում էր մերժել մի համակարգ, որը հասցրել էր երկիրն անդունդի շեմին, հիմա Դուք ընտրվեցիք, մեր տպավորությամբ, «մերժիր Ռոբին, մերժիր Քոչարյանին» տրամաբանությամբ: Երկու դեպքում էլ, միգուցե ոչ բանաձեւված կերպով, այնուամենայնիվ, մենք վստահ ենք,  որ հասարակությունը գիտակցաբար, ենթագիտակցաբար մերժում էր այն համակարգը, որը ծնեց այդ հրեշներին։ Տեղեկանալով մամուլից, որ Դուք համաձայնություն եք տվել կամ, համենայնդեպս, քննարկում եք՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցել ինչ-որ մի կառույցի միջոցով, կարծում եմ, որ դա ժողովրդավարության տեսակետից եւ հատկապես մեր քաոտիկ իրավիճակում շատ ճիշտ քայլ է: Հայաստանի Եվրոպական կուսակցության անունից առաջարկում ենք մեր ծառայությունները ազգին՝ այդ կամ որեւէ այլ ձեւաչափում ներկայացնելու եվրաինտեգրման գործընթացը, օգնելու երկրին, ազգին արագ անցնել այդ ծանր փուլը:  Եվ այն ռիսկերը, այն վտանգները, որոնք մեզ սպասում են - դա անխուսափելի է- այդ հարցում մենք պատրաստ ենք օգնել Ձեզ մեր բոլոր միջոցներով՝ եւ՛ ակնհայտ, եւ՛ հիմա ոչ այդքան երեւացող, մեր մարդկային, մտավոր, կազմակերպչական ողջ ներուժով: Սա այն է, ինչ ես ցանկանում էի հասցնել Ձեզ»,- ասել է Խզմալյանը։

Զրուցակիցները քննարկել են ներուժի եւ կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն