Մարտի 6-ի առավոտյան ավազակություն էր եղել Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում։ Երկու տղամարդ մտել էին առևտրի կենտրոնի հագուստի խանութ-սրահներից մեկի գանձապահի սենյակ ու զենքի սպառնալիքով հափշտակել մոտ 2 միլիոն 500 հազար դրամ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուրջօրյա հետևողական ու համագործակցված աշխատանքի շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզել են ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանգուցալուծվեցին մարտի 9-ին, և դեպքից 3 օր անց ավազակությունը բացահայտվել է։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Երևանում բնակվող 27-ամյա երիտասարդներին հայտնաբերել են մայրաքաղաքի Շերամի փողոցում ու բերման ենթարկել Մալաթիայի բաժին։ Նրանք ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական մարմին ու տվել խոստովանական ցուցմունք։

Երիտասարդները ձերբակալվել են։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են գողոնն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն