Թերլցումների դեմ պայքարի՝ Կառավարության առաջարկած տարբերակը տնտեսվարողների սրտով չէ: Խորհրդարանական քննարկմանը բիզնեսի ներկայացուցիչները պնդեցին՝ կողմ չեն բաշխիչ աշտարակի վրա հավելյալ ստուգաչափիչ սարքի տեղադրմանը, ասում են՝ եղածն արդեն իսկ բավարար է հսկողություն սահմանելու համար: Նոր ծախսի տակ ընկնել չեն ուզում:

Աղասի Գասպարյան («Մուլտի գազ» ՍՊԸ տնօրեն) - էդ սարքավորումը ավելորդ բեռ է, մենք կայան ունենք՝ 8-10 աշտարակ ունի, ամենափոքրը 6 աշտարակ ունի, պատերացրեք՝ մեկ միլիոն բեռ նորից դնում ենք էդ աշտարակների վրա, երբ որ այն էդ հնարավորությունն արդեն ունի:

Էկոնոմիկայի նախարարության մշակած օրենսդրական փաթեթը խորհրդարան է հասել ու գլխադասային հանձնաժողովում քննարկումից հետո 2 ամսով հետաձգվել է: Մինչև այն կլրամշակվի ու նորից օրենսդիր կգա, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկմանը եկած ստուգող մարմնի ղեկավարը հիմնավորեց ստուգաչափի անհրաժեշտությունը:

Արմեն Կոտոլյան (Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար) - Շատ ժամանակ տնտեսվարողները հնարավորություն են ունենում միջամտել վառելիքի բաշխիչ աշտարակի աշխատանքին, որի հետևանքով լինում են թերլիցքավորումներ, այս սարքի միջոցով մենք տեսնելու ենք՝ արդյոք կա՞ միջամտություն, թե՞ չկա, եթե կտեսնենք, որ կա, կիրականացվի ստուգում:

Լիցքավորման սարքի վրա երևացող թվերը ոչ միշտ են համապատասխանում իրականությանը՝ որակի, լիտրի, գազի դեպքում՝ նաև խտության հարցում խաբված վարորդների բողոքը պատգամավորներին էլ է հասել:

Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ) - Տարբեր լցակայաններում նույն գումարով նույն գինը կպցրած մարդիկ լիցքավորում են, ու hետո պարզվում է՝ տարբեր կմ են քշում, ու իրարից տարբերվում է 20-30 տոկոսով:

Խախտման իրական ծավալները տեսչական մարմնի ղեկավարը թվերով փաստեց: Կտրուկ աճ է գրանցվել. ի տարբերություն 19-20 թվականների՝ անցած տարի 197 ստուգումից 151-ի դեպքում խախտում է հայտնաբերվել: Եթե եղած ռեսուրսը ներեր, գուցե ավելին բացահայտվեր՝ նկատեց Կոտոլյանը: Թունյանն առաջարկեց տարանջատել բարեխիղճ ու անբարեխիղճ տնտեսվարողներին ու ստուգաչափերը պարտադիր դարձնել, օրինակ, հենց խախտումով աչքի ընկածների համար: Այս մոտեցմանը նաև հանձնաժողովի ընդդմադիր նախագահն է կողմ:

Վահե Հակոբյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Միջամտումն է շատ լավ հարց, քանի որ ես ձեզ, որպես ոլորտին ծանոթ մարդ եմ ասում՝ անհնարին է լինելու ճանապարհը չգտնել ոչ բարեխղճի կողմից, ու գուցե կիրառենք հենց պարոն Թունյանի ասածը:

Պատգամավորներին նաև ստուգաչափիչ սարքի գինն է հետաքրքրում. այնպես չստացվի, որ դրա տեղադրումը վառելիքի գնի վրա ազդի, ու, ի վերջո, ամեն ինչ էլի սպառողի ուսերին մնա: Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ նախարարությունն ի սկզբանե 1 սարքի հաշվարկով 600 հազարի մասին էր խոսում: Տեսչական մարմնի ղեկավարն արձագանքեց՝ տեղական արտադրող կա՝ 4 անգամ ավելի ցածր գին է առաջարկում:

Արմեն Կոտոլյան - Գուցե ամեն ինչի ծախսը ներառված է եղել, բայց սարքերի արժեքը կազմում է 150 հազար, կոպիտ հաշվարկով, հայկական արտադրության:

Որ բիզնեսը չտուժի, սպառողն էլ՝ խաբված չլինի, օրենսդիր-գործադիր-մասնավոր քննարկումները կշարունակվեն:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն