Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Medialub.am-ում ծավալուն հոդված է հրապարակել՝ «ԵՄ անդամակցության պատրանքը» վերնագրով, որն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության կոշտ քննադատությունն է։

Հոդվածի առանցքային միտքն այն է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարն անիրատեսական է, իսկ այդ նպատակին հասնելու յուրաքանչյուր նոր քայլ ոչ թե նվազեցնում, այլ խորացնում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։

Ուշագրավն այն է, որ այս պնդումների հեղինակը մարդ է, որը տարիներ շարունակ զբաղեցրել է Հայաստանի անվտանգային համակարգի առանցքային պաշտոններից մեկը՝ անմիջական մասնակցություն ունենալով Փաշինյանի արտաքին քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։

Արդյո՞ք հենց այս սկզբունքային տարաձայնություններն են դարձել Գրիգորյանի պաշտոնից հեռացվելու պատճառը, թե՞ Փաշինյանի անմիջական ազդեցությունից դուրս գալուց հետո նրա մոտ վերջապես արթնացել է ռացիոնալ մտածողությունը։

Գրիգորյանի հոդվածում հնչում են բազմաթիվ պնդումներ, որոնք տարիներ շարունակ եղել են իմ և իմ գործընկերներիս հետևողական դիրքորոշումները։

Մենք մշտապես պնդել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ոչ թե աշխարհաքաղաքական պատրանքների, այլ ազգային շահերի և ռացիոնալ հաշվարկների վրա։ Որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը չի կարելի նույնացնել ԵՄ անդամակցության հետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն ինքնին չի նշանակում Հայաստանի ինքնիշխանության ամրապնդում։

Այս դիրքորոշումների համար մեզ հետևողականորեն փակցվել է «ռուսաստրուկի» պիտակը՝ քաղաքական բանավեճը փոխարինելով պարզունակ պոպուլիզմով։

Հետաքրքիր է՝ իշխանական քարոզչամեքենան Արմեն Գրիգորյանի՞ն էլ է «ռուսաստրուկ» հռչակելու։

Միևնույն ժամանակ, չեմ բացառում նաև մեկ այլ վարկած. Փաշինյանը գուցե հենց Գրիգորյանի միջոցով փորձում է հանրային դաշտում շրջանառության մեջ դնել այն փաստարկները, որոնք հետագայում կարող են ապահովել իր աշխարհաքաղաքական «հետողորմյան»։

Սկզբունքային հարցադրում է՝ արդյո՞ք սա Գրիգորյանի ինքնուրույն դիրքորոշումն է, թե՞ նախապատրաստվում է Փաշինյանի հերթական աշխարհաքաղաքական շրջադարձը։

Անկախ պատասխանից՝ Գրիգորյանի հոդվածը բացահայտում է իշխանության արտաքին քաղաքականության սնանկությունը:

Եվ վերջում՝ հարց, որը հասցեագրված է նաև Գրիգորյանին՝ ի՞նչ գին է Հայաստանը վճարել և վճարում պատրանքային քաղաքականության համար, և ո՞վ է պատասխան տալու դրա համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ