Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեբ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Բանակցություններն ընթացել են փակ դռների հետեւում՝ 3 ժամ 45 րոպե։ Այն, որ Էրդողանն ու Ալիեւը հաճախ են հանդիպում կամ շփվում հեռախոսով, նորություն չէ։ Սակայն որ դրանից հետո էլ 4 ժամանոց բանակցություններ են ունենում, նշանակում է, որ քննարկվել են կարեւոր հարցեր, որոնք երկու կողմի հետաքրքրությունների շրջանակում են։ Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացրել է, թե քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների շփումների հետ կապված հարցեր։ Սակայն կարեւորվել է այն, որ Հայաստանը պետք է կատարի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների բոլոր պահանջները։ Բաքուն հաղորդում է, որ Ալիեւը եւ Էրդողանը կարեւոր են համարել, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի» բացումը եւ այդ համատեքստում՝ Նախիջեւան-Կարս երկաթուղու կառուցումը։

Սրանում, իհարկե, որեւէ արտակարգ բան չկա։ Երեւանն արդեն հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի գործող կառավարության օրակարգի առաջնահերթություններից է, օրակարգում են նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը։ Գուցե հենց այս տարի էլ ստորագրվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այստեղ պետք է հիշել, որ հայկական ուղղությամբ Բաքուն եւ Անկարան հանդես են գալիս տանդեմով, եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարեւոր լրացում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։

Ընդ որում, նշենք, որ առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ուստի կարելի է եզրակացնել, որ Ալիեւն ու Էրդողանը 4 ժամ կարող էին բանակցել միայն այն դեպքում, եթե կա՛մ ինչ-որ նոր բան կար խոսելու հայկական ուղղության հետ կապված, կա՛մ չնախատեսված «ֆորսմաժորային» իրավիճակ է, հնարավոր է, որ քննարկվել է ընթացիկ գործընթացների հետ կապված մի այնպիսի դետալ, որի մասին ե՛ւ Անկարան, ե՛ւ Բաքուն նախընտրել են լռություն պահպանել, գոնե՝ առայժմ։ Այս ֆոնին չափազանց հետաքրքրական ու ինտրիգային է դառնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանների հրապարակումը, որոնք հինգն են, եւ Երեւանի հնչեցրած պատասխանը։

Հիշեցնենք, որ Բաքուն ներկայացրել էր հետեւյալ նախապայմանները․ 

• Մեկմեկու ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինչպես նաեւ քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։

• Փոխադարձ հավաստիացում՝ իրարից տարածքային հավակնությունների եւ պահանջների բացակայության մասին եւ իրավականորեն հանձնառության ստանձնում, որ ապագայում նման հավակնություններ չեն ներկայացվի։

• Միջպետական հարաբերություններում մեկմեկու անվտանգության սպառնալիքներից զերծ մնալու հանձնառության ստանձնում, մեկմեկու քաղաքական անկախության կամ տարածքային ամբողջականության դեմ ուղղված ուժի կամ դրա սպառնալիքի եւ այլ գործողությունների բացառում, որոնք անհամատեղելի են ՄԱԿ կանոնադրության նպատակների հետ։

• Պետական սահմանի դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

• Տրանսպորտի եւ կոմունիկացիաների բացում, այլ կոմունիկացիաների եւ համագործակցության հաստատում մյուս ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Այս նախապայմաններին, որոնք, պարզ ասած, նշանակում են առնվազն վերադարձ Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ հայկական կողմի՝ պահանջներից հրաժարում, Երեւանն արձագանքեց շատ համառոտ․ «Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին եւ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»։

Արձանագրենք, որ գործընթացները, նույնիսկ ուկրաինական ճգնաժամի պայմաններում, հայ-ադրբեջանական «դիվանագիտական ճակատում» չեն կանգնել, առջեւում գուցե նոր զարգացումներ են սպասվում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն