Կարեկցել, եթե անգամ իրենք բացարձակ անտարբեր էին մեր ցավին, որովհետեւ կարեկցանքն առեւտուր չէ, այլ մարդկային արժանիք. Հակոբ Բադալյան
Ուկրաինա ռուսական ներխուժումից օրեր անց բավականին հաճախ սկսեց հնչել միտքը, թե մենք՝ հայերս, պետք է սովորենք ուկրաինացիներից: Ընդ որում, այդ ամենն ասվում է պատերազմի վերաբերյալ ունենալով ընդամենը լրահոսի տեղեկացվածություն, որտեղ անմնացորդ քարոզչական պատերազմ է: Իրականում ինչ է կատարվում 40 միլիոնանոց երկրի հանրության մոտ, թերեւս շատ դժվար է կողմնորոշվել անգամ տեղում, ուր մնաց հարյուրավոր կամ հազարավոր կիլոմետրեր հեռու:
Այո, ուկրաինացիները դիմադրում են, դիմադրում են համառ, հերոսաբար, անձնուրաց: Իսկ ինչ՝ հայերը չէին դիմադրու՞մ: Այո, Հայաստանում կային բազմաթիվ խնդիրներ եւ դրանք մեզ համար տեսանելի էին, որովհետեւ մենք փոքր Հայաստանում ու Արցախում էինք: Իսկ գիտե՞նք, թե ինչ է կատարվում 40 միլիոնանոց Ուկրաինայում ամբողջապես, ով ումից ինչ դժգոհություն ունի, ով ում ինչ պահանջ ունի, ինչ քեն ունի, ինչ սեր ունի, ինչ հավատ ունի եւ այլն: Կրկնեմ, լրահոսը ամբողջապես քարոզչական պատերազմ է: Ընդ որում, պետք է նկատել, որ ուկրաինացիները այն շատ լավ են վարում, անկասկած ոչ առանց արտաքին փորձառու ինստրուկտաժի՝ ինչպես որ ռազմական պարագայում:
Բայց մտածել, թե 40 միլիոնանոց հսկա երկիրը իր պատմա-քաղաքական էապես տարբեր միջավայրով, անգամ տարբեր բնույթի պատերազմով համեմատելի է Հայաստանի հետ ու մենք պետք է հայրենասիրություն սովորենք, թերեւս ավելորդ «ինքնախարազանում» է:
Մենք պետք է ոչ թե հայրենասիրություն, հայրենիքի համար կյանք տալով կռիվ սովորենք, այլ սովորենք կառավարել: Ընդ որում, այդտեղ մենք Ուկրաինայից սովորելու շատ բան չունենք: Նույն կոռուպցիան է եղել, «օլիգարխատը», պարզապես մասշտաբի եւ աշխարհագրական դիրքի որոշակի այլ «էֆեկտով»: Ընդ որում, այդ էֆեկտը զգացվել է բանակի վրա ծախսի տեսքով, որ կերպարանափոխել է ուկրաինական բանակը 2014-15-ի համեմատությամբ:
Ուկրաինային եւ այդ երկրի ժողովրդին պետք է կարեկցել, ոորովհետեւ որպես պետություն դարձավ աշխարհաքաղաքական մեծ խայծ, ստանալով մարդկային մեծ տառապանք ու ցավ: Կարեկցել, եթե անգամ իրենք բացարձակ անտարբեր էին մեր ցավին, որովհետեւ կարեկցանքն առեւտուր չէ, այլ մարդկային արժանիք:
Հակոբ Բադալյան