Ո՛չ շվեդական, ո՛չ ավստրիական․Կիևը դիտարկում է չեզոքության ուկրաինական մոդելը
Ռուս-ուկրաինական հակամարտության 22-րդ օրը կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։ Զուգահեռաբար կոշտանում է պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունը։ «Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր նպատակները կյանքի կկոչվեն», — հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երբեք թույլ չեն տա, որ Ուկրաինան Ռուսատանի դեմ իրականացվող նախահարձակ գործողությունների պլացդարմ դառնա։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսում է իենց հաղթանակից՝ չբացառելով պետության չեզոք կարգավիճակի մոդելի քննարկումը։ Մարիա Պապյանին լսենք։
Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է` կրակի դադարեցում, ռուսական զորքի դուրսբերում և տարածքային ամբողջականության վերականգնում, որից հետո նոր միայն կարող է քննարկվել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։ Դա շվեդական կամ ավստրիական մոդելը չէ, դա կլինի անվտանգության երաշխիքների ուկրաինական մոդելը` այսօր Երևանում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Ռուս-ուկրաինական հակամարտության 22-րդ օրը փորձագետները շարունակում են քննարկել վերջին օրերին կողմերի միջև բանակցությունների առանցք դարձած Ուկրաինայի չեզոքության, այսպես ասած, շվեդական մոդելի հարցը։ Չեզոքության շվեդական և ավստրիական մոդելները ենթադրում են տվյալ երկրի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ Արևմուտքի հետ սերտ քաղաքական և տնտեսական կապերի պահպանմամբ։ Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը նշում է, որ սա բխում է ռուսական կողմի ապառազմականացման պահանջի տրամաբանությունից։ Բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, թե Կիևն է առաջարկել Ուկրաինայում ավստրիական կամ շվեդական մոդելի չեզոք, ապառազմականացված պետություն ստեղծելու ձևաչափը։
«Ռադիոլուր»-ի զրուցակիցը դե յուրե դիտարկում է պետության նման մոդելը, սակայն դե ֆակտո, գրեթե, անհնար է համարում։ Արմեն Բադալյան․
«Ուկրաինայում տասնյակ հազարավոր անձանց ռուսները համարում են ազգայնականներ։ «Ազով», «Այդար», «Աջ սեկտոր» ազգայնական խմբավորումները ռուսների համար սպառնալիք են, նրանք չեն կարող շվեդական չեզոքություն ունեցող Ուկրաինայում ապրել, նրանք կփորձեն Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնել, իշխանության վերադառնալ, այստեղ լուրջ խնդիր կա։ Ռուսաստանի պայմաններից մեկը ապազգայնացումն է։ Իհարկե, կարելի է երազել Ուկրաինան Ավստրիայի կամ Շվեդիայի վերածվելու մասին, բայց սա բարդ խնդիր է»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ, ռուսական կողմի համար առաջնային համարելով Ուկրաինան ռազմական դաշինքներից դուրս, չեզոք երկիր դիտարկելու հարցը, նշում է բանակի թվաքանակի հարցը։ Դանիելյանը հիշեցնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման պահանջ կար նաև Գերմանիայի նկատմամբ։
«Ռուսական կողմի պահանջներից մեկն առնչվում է ուկրաինական բանակին, որի թվաքանակը չպետք է գերազանցի 50 հազարը, հիմնականում պետք է լինեն ոստիկանական ուժեր»։
Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատում է՝ չնայած բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կա, կողմերը որոշ կնճռոտ հարցերի վերաբերյալ հակադիր դիրքորոշումներ ունեն․
«Ռուսական կողմի ապազգայնականացման թեզի տակ ուկրաինական բանակի և ռազմածովային ուժերի խնդիրն է դիտարկվում։ Ռուսական կողմը պնդում է, որ Ուկրաինան բանակ չպետք է ունենա, իսկ ուկրաինական կողմը հակառակի մասին է պնդում։ Այժմ քննարկվում է, թե ռազմական այդ ուժերն ինչ կառուցվածք պետք է ունենան»։
Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ ռազմական հաջողություններով պայմանավորված՝ Մոսկվայի դիրքորոշումը ավելի արմատական է դառնում.
«Մասնավորապես, եթե նախկինում ռուսական ուժերի կողմից որևէ տարածքում ռազմական վերահսկողություն սահմանելուց հետո դրոշներ չէին իջեցվում, և շատ դեպքերում քաղաքային իշխանությունը անփոփոխ էր մնում, ապա այժմ իջեցվում են ուկրաինական դրոշները, կադրային փոփոխություն է տեղի ունենում, անգամ շրջանառության մեջ է դրվում ռուսական ռուբլին։ Սա հուշում է, որ ռուսական կողմի նշած նախնական պահանջները ավելանում են, դրանք կապված են ռուսական զորքի հաջողության հետ։ Սա բարդացնում է բանակցային գործընթացը, առավել ևս որ Ուկրաինան փաստացի միայնակ է` չնայած դրսի` ԱՄՆ-ի և արևմտյան երկրների աջակցությանը։ ՆԱՏՕ-ն որևէ ռազմական մասշտաբային աջակցություն չի կարող հատկացնել, որովհետև դա կվերածվի ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության, ինչը Հյուսիսատլանտյան դաշինքի համար ցանկալի չէ»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը արդեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի միջամտելու ռուս–ուկրաինական հակամարտությանը, բայց նաև նշել է, որ Արևմուտքն Ուկրաինային կօգնի «ռազմական ապրանքներով» և կշարունակի ֆինանսական ու հումանիտար աջակցություն ցուցաբերել երկրին։
Ստեղծված իրավիճակում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշում է, որ սա առաջին լուրջ աշխարհաքաղաքական բախումն է Ռուսաստանի, նրան աջակցող Չինաստանի և հավաքակական Արևմուտքի միջև` ԱՄՆ–ի ղեկավարությամբ։
«Սա երկու ռազմաքաղաքական ուժերի բախում է, որը տեղի է ունենում Ուկրաինայում։ Հետագայում այլ զարգացումներ կլինեն, և սա Ուկրաինայով չի ավարտվելու, Ուկրաինայով սկսվում է»։
«Ռադիոլուր»-ի զրուցակիցները կարծում են, որ այս պատերազմով առավել գլոբալ, համաշխարհային հարցեր են առաջացել։ Դրանցից ամենակարևորը աշխարհի անվտանգային համակարգն է։ Դա, ըստ բանախոսների, Եվրոպայում արդեն փլուզվել է։ Նոր բանակցություններ պետք է վարվեն` ասում են վերլուծաբանները։ Ուկրաինայի հարցում գտնված լուծումը կլինի հիմք՝ աշխարհի անվտանգության շուրջ հետագա բանակցությունների համար, ինչը տարիներ կտևի։ Փորձագետներն ասում են՝ հենց այս կետից է ձևավորվելու նոր աշխարհակարգը։
hy.armradio.am