Վանաձորի ավագանու անդամների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը չկայացավ
Վանաձորի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը գրել է.
«Հարգելի վանաձորցիներ, 18.03.2022թ. Վանաձորի ավագանու անդամների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը՝ ավագանու կանոնակարգը հաստատելու օրակարգով, չկայացավ քվորում չունենալու պատճառով: Ներկա էին«Մամիկոն Ասլանյան դաշինք» և «Հայրենիք» խմբակցության թվով 16 անդամները, Մամիկոն Ասլանյանը դեռևս կալանքի տակ է, իսկ նիստը համարվում է իրավազոր առնվազն 17 ավագանու ներկայության դեպքում: Մեզ չմիացան մյուս 3 խմբակցությունները, թեպետ նախընտրական շրջանում Վանաձոր խոշորացված համայնքի բարօրության, զարգացման վերաբերյալ խոստումներն անչափ շռայլ էին: Ցավում եմ նիստը չկայանալու և մեր նախաձեռնությունը տապալելու համար, ցավում եմ քաղաքապետարանի՝ նիստը չ՛կազմակերպելու, ավագանու նիստերի դահլիճն անհրաժեշտ կահավորմամբ և աշխատանքային պայմաններով չապահովելու համար...Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ քաղաքապետարանը ավագանու նստավայրն է, ավագանին էլ ձևավորվել է լեգիտիմ ընտրությունների արդյունքում, հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմին: Մեր ընտրողները պիտի իմանան, որ մեր բոլոր ջանքերը և քայլերն ուղղված են քաղաքն այս անորոշությունից դուրս բերելու, քաղաքի և քաղաքացիների խնդիրներին լուծում տալուն:
Վանաձորը մեր տունն է. սա լոկ կարգախոս չէ, այլ հստակ գործելակերպ և հոգատարություն:
P.S. Ըստ օդում կախված լուրերի, քաղաքապետարանի մատույցներում ավագանու այլ անդամներ են երևացել՝ կամ ուշացել են նիստից, կամ համարձակությունն է տեղի տվել, երկու դեպքում էլ տխրելու առիթ է»։
Գայանե Քալանթարյան