Տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի «Snap» երգի տեսահոլովակի պրեմիերան:

Եվրատեսիլի հաաստանյան պատվիրակը պատմում է, որ իր երգն ուղևորություն է դեպի իր ներաշխարհ, այն մի անձնական պատմություն է, որը բոլորին է ծանոթ. «Կարծում եմ, որ մենք բոլորս հայտնվել ենք մի կետում, որտեղ թվում է, թե էլ ելք չկա, և որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել: Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ՝ ինքդ քեզ: Ինձ այդ հուսահատ իրավիճակը շատ ծանոթ է. արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձևավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս: Կարևորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու և միայն դու ես քեզ պետք:

«Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, և ես հուսով եմ, այս երգը կօգնի նաև այն մարդկանց, ովքեր հիմա ծանր ապրումներ ունեն»։ «Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթանլ, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանն: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը:

Առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը նշում է, որ Հանրային հեռուստաընկերությունը Ռոզայից ստացել է երգի նախնական տարբերակը, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել. «Կարծում եմ՝ այս պարագայում շահեկան է, որ երգի հեղինակը հենց արտիստն է, քանի որ հենց ինքը լավագույնս կարող է զգալ ու հանդիսատեսին փոխանցել ստեղծագործության էմոցիոնալ գունապնակը: Շատ ուրախ եմ, որ այս տարի Առաջին ալիքի թիմը համագործակցում է միջազգային խոշոր նախագծեր իրականացրած արտասահմանցի պրոդյուսերների հետ»:

«Snap» երգի պրոդյուսերներն են Ալեքս Սալիբյանը, Իթան Շնեյդերմանը, Լարզ Պրինչիպատո, Բեն Սամաման, Լիլիթ Նավասարդյանը (Հայաստան):

Միքս-մասթերինգի վրա աշխատել է Գրեմմիի մրցանակակիր Թոնի Մազերատտին, որը համագործակցել է Արետտա Ֆրանկլինի, Բեյոնսեի, Սիայի, Սելենա Գոմեսի, Շերի, Լեդի Գագայի և այլ աշխարհահռչակ արտիստների հետ»:

«Snap»-ը փխրուն, անկեղծ, ճիշտ կառուցված փոփ երգ է,- նշում է «Նվակ» կոլեկտիվի համահիմադիր Թամար Կապրիելյանը և հավելում,- հուսով ենք, որ Ռոզայի նման երիտասարդ արտիստի մասնակցությունը նման երգով ևս մեկ անգամ միջազգային լսարանի ուշադրությունը կհրավիրի տաղանադավոր երգիչների, երգահանների և պրոդյուսերների նոր սերնդի վրա»։

Հանրային հեռուստաընկերության որոշմամբ՝ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը՝ նախապես ներկայացված կոնցեպտի հիման վրա:

«Երգը լսելուց հետո մտքումս անընդհատ պտտվում էր, որ պետք է հնարավորինս մատչելի ու ճշգրիտ կերպով փոխանցեմ արտիստի հույզերը: Ինձ համար կարևոր նախապայման էր` արտիստին երկրորդ պլանում չթողնելը: Նկարահանել ենք այնպես, որ գեղարվեստական և վիզուալ լուծումների միջոցով հեռուստադիտողը հնարավորություն ստանա ճանապարհորդություն կատարել դեպի մեկ այլ՝ արտասովոր իրականություն, — ասում է Արամայիս Հայրապետյանը:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն