Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով հերթական դատավարությանն ընթերցվել է մեղադրական եզրակացությունը:

Ինչպես գրում է minval.az-ը, Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազարի Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասերտյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը, Յուրի Տիգրանի Կարապետյանը մեղադրվում են «դիվերսիայի» և «ահաբեկչության» (չակերտները-Խմբ.) համար:

Ըստ մեղադրական եզրակացության` «Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը նրանք կատարել են զինված հարձակումներ երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա» (չակերտները-Խմբ.):

Նրանց մեղադրանք է առաջադրվել 214 (ահաբեկչություն), 228 (զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում), 279 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

Դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ եթե մեղադրանքը հաստատվի դատավարության ընթացքում, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն