ԵՊՀ ռեկտորի «բարեփոխումները» թափ են հավաքում
Երեւանի պետական համալսարանում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի նոր բարեփոխումները թափ են հավաքում։ Իսկ մեզանում, ինչպես հայտնի է, բարեփոխում ասելով, որպես կանոն, հասկանում են հին կադրերից ազատվելը եւ նոր՝ յուրային կադրերին աշխատանքի ընդունելը։ Մի շարք ֆակուլտետներում ամբիոնների միավորման, իրականում՝ կրճատման գործընթացներ են տեղի ունենում։ Ավելին՝ դեկաններին առաջարկվել է կամովին ներկայացնել առաջարկներ՝ կապված ամբիոնների միավորման հետ։ Դրանով ցույց տալով, որ ոչ թե վերեւից է հրահանգը գնում, այլ իբրեւ թե ֆակուլտետներն իրենք են որոշում կայացնում եւ օպտիմալացումների առաջարկ ներկայացնում՝ գիտխորհրդի նիստում առաջ քաշելով ամբիոնների միավորման հարցը։
Սակայն հարց է առաջանում․ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ առաջարկը ֆակուլտետներից չէր գալիս։ Ինչո՞ւ անցած տարիների ընթացքում ոչ մի դեկան նման առաջարկով հանդես չեկավ, եւ միայն հիմա, շղթայական ձեւով, դեկաններն իրար հետեւից սկսեցին գիտխորհրդին առաջարկել ամբիոնների միավորման գործընթացներ սկսելու մասին։ Ակնհայտ է, որ կա թաքնված ճնշում։ Ու քանի որ ֆակուլտետների դեկանների մեծ մասը կոմֆորմիստներ են, ապա առանց ընդդիմանալու ընդառաջ են գնում եւ ընթացք տալիս օպտիմալացման՝ Հ․ Հովհաննիսյանի ծրագրին։ Հատկապես, որ այս իշխանությունները բազմիցս հայտարարել են բուհերում բարեփոխումներ իրականացնելու իրենց նպատակների մասին, եւ ամբիոնների միավորումն էլ այդ կոնտեքստում է ներկայացվում։ Սակայն համալսարանում քիչ են հավատում այդ բարեփոխումներին, ավելին՝ կարծում են, որ հաջորդ քայլը՝ ամբիոնների միավորումից հետո, լինելու է ֆակուլտետների միավորումը, եւ մի քանի ֆակուլտետ իրար միավորելով՝ կստեղծեն ընդհանուր ուղղվածության ինստիտուտներ՝ հումանիտար, բնագիտական։
Նպատակն ավելի վերահսկելի եւ ուղղահայաց կառավարվող ԵՊՀ ունենալն է, որի արդյունքում իշխանություններին անցանկալի մարդիկ դուրս կմղվեն համակարգից։ Այս պարագայում մի քանի միավորված ֆակուլտետների տնօրենին կնշանակի ռեկտորը, ռեկտորին էլ կնշանակի իշխանությունը։ Այս դեպքում ոչ ցանկալի դեկաններին կարող են այդ ոճով հանել կամ ստիպել ավելի հարմարվող դառնալ։ ԵՊՀ-ում ենթադրում են, որ այս բարեփոխումների մեջ քաղաքական պատվեր կա, հատկապես որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հիշում է, որ ԵՊՀ-ում կան քաղաքականացված մարդիկ եւ ֆակուլտետներ։
ԵՊՀ-ում վստահ են, որ ամբիոնների միավորումները պետք է գաղափարական լինեն, ոչ թե մեխանիկական, օրինակ՝ կարող է փոքր ամբիոն լինել, որը շատ կարեւոր գիտական ուղղություն է ներկայացնում, եւ ըստ այդմ արժե, որ այդ ամբիոնը ներկայացնող 3 հոգուն պահեն ու չկրճատեն։ Ի վերջո, ի՞նչ է շահելու դրա արդյունքում ԵՊՀ-ն, նախ՝ տեխնիկական առումով ամբիոնները միավորվելու արդյունքում դուրս կգան տարբեր հաստիքներ՝ կկրճատվեն ամբիոնի վարիչի, լաբորանտի հաստիքները, որոնք սովորաբար ամբիոններում 2-ն են, իսկ ամբիոնների միավորման արդյունքում արդեն 4 լաբորանտ չեն պահի։ Մյուս կողմից, եթե արհեստական են դրանք միավորվում, ապա բովանդակային խնդիրներ են առաջանում, օրինակ՝ ո՞ր ամբիոնի ծրագիրն է լինելու դոմինանտ, արդյոք հնարավոր կլինի՞ 2 ամբիոնների ծրագրերը միավորել, ինչքանո՞վ դա կհաջողվի, թե՞ ամեն դեպքում ուսումնական պրոցեսը կտուժի։
Այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել մի քանի ֆակուլտետների դեկանների հետ։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը շտապում է մանրամասնել՝ ոչ թե ամբիոնների կրճատում, այլ՝ միավորում։ «Կոնկրետ մեր ֆակուլտետում մենք ունենք քաղաքագիտական 2 ամբիոններ՝ Քաղաքական գիտության պատմության եւ տեսության, նաեւ՝ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնները։ Բովանդակային առումով 2 ամբիոնները կատարում էին նույն գործառույթները, կար նաեւ տեխնիկական կողմը, մեկը մյուսին խանգարում էր, ինչպես նաեւ գիտական որակի հետ կապված հարցեր կային»,- ասում է Պետրոսյանն ու ընդգծում, որ ամբիոնների միավորման տեսլականը, որպես դեկան, ինքը վաղուց ուներ․ «Դեռեւս տարիներ առաջ ես փորձում էի այդ քայլը ձեռնարկել, որոշ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ դա ձգձգվեց, բայց այս հարցը գիտական խորհրդում մենք քննարկել ենք մեր կոլեգաների հետ, եւ գիտխորհրդում որոշում ընդունվեց, որ 2 ամբիոնները պետք է միավորվեն, եւ դառնա մեկ ամբիոն՝ քաղաքագիտություն»։
Ինչո՞ւ հիմա եւ ոչ թե ավելի վաղ, հատկապես որ երկար տարիներ ունեցել է միավորման տեսլականը, ռեկտորի կողմից եղե՞լ է որոշակի ցուցում։ «Երբ մի գործընթաց սկսվում է, դրա համար պահանջվում է ժամանակ, եւ ժամանակի ընթացքում կերեւա, թե որքանով է դա իրեն արդարացնում։ Այդ տարիներն ինձ բերեցին այն համոզման, որ 2 ամբիոններն իրար խանգարում են եւ առաջին հերթին հարվածում գիտական որակին»։ Դեկանը վստահեցնում է, որ գրեթե ոչ մի հաստիք չի կրճատվելու․ «Մի ամբիոնի վարիչ եւ կես լաբորանտի դրույք, վերջ։ Որեւէ այլ կորուստ չենք ունենալու»։
Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ իրենց ֆակուլտետում եւս 2 ամբիոն է միացվել, հարցը քննարկվել է այդ ամբիոններում, որեւէ առարկություն չի եղել, այդ թվում՝ գիտական խորհրդում։ «Ուղղակի ափսոս է, որ այդ մասնագիտական ամբիոնները փակվում են, բայց դա ո՛չ որեւէ մեկի մեղքի պատճառով է, ո՛չ էլ որեւէ մեկի ցանկությամբ, ուղղակի 3 հոգի է մնացել ժամաքանակների կրճատման հետեւանքով, իսկ 3 հոգով ամբիոն չես կարող պահել։ Դա էր միակ պատճառը, մենք ձգտել ենք այնպես անել, որ այդ միացումից չտուժենք, մասնագիտական եւ հիմնական առարկաները պահպանվում են, ուղղակի մեկ ամբիոնի վարիչի հաստիք է կրճատվում»,- ասում է Գրիգորյանն ու իր հերթին նշում, որ ամբիոնների միավորման հարցը վաղուց են սկսել քննարկել։ Այլ կերպ ասած՝ միայն հիմա բարենպաստ ժամանակ ստեղծվել։
ԵՊՀ ուղարկված մեր հարցմանը, թե մասնավորապես համալսարանի որ ֆակուլտետների որ ամբիոններն են միավորվում, ինչպես է հիմնավորվում այդ գործընթացի անհրաժեշտությունը եւ ինչ նպատակ է հետապնդում, համալսարանից մեզ ուղարկեցին հոգաբարձուների մարտի 21-ի նիստի արձանագրությունը, որտեղ հպանցիկ նշվում է «Քաղաքական գիտության պատմության եւ տեսության» եւ «Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների» ամբիոնների միավորման մասին, որին կողմ է քվեարկել խորհրդի 19 անդամ։ Ամբիոնների միավորման հարցում ռեկտորից ցուցում եղե՞լ է, թե՞ ոչ, ԵՊՀ-ից ընդամենը նշել են․ «Միավորման հարցը քննարկվել է ԵՊՀ ֆակուլտետների ԳԽ նիստերի ժամանակ, եւ որոշումը կայացրել են ֆակուլտետների գիտական խորհրդի անդամները»։
Hraparak.am