Սա արդեն ընտրությունների արդյունքների ամփոփում չէ, այլ խեղաթյուրում. Դավիթ Անանյան
ԿԸՀ-ի կողմից 10/51 և 35/65 ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման որոշումը լուրջ իրավաքաղաքական փակուղի տանող իրավիճակի է հասցրել։
Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածը ԿԸՀ-ին տալիս է բացառիկ լիազորություն՝ անվավեր ճանաչելու տեղամասի արդյունքները միայն այն դեպքերում, երբ արձանագրված խախտումների հետևանքով անհնար է դառնում պարզել ընտրողների իրական կամարտահայտությունը։
Այսինքն՝ օրենսդիրը ԿԸՀ-ին չի տվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելու իրավունք։ ԿԸՀ-ն պարտավոր էր ապացուցել մեկ բան՝ որ տվյալ տեղամասերում անհնար էր պարզել ընտրողների կամքը։
Սակայն նույնիսկ եթե ընդունենք այդ վիճահարույց պնդումը, գործում է նաև նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի տրամաբանությունը, որի համաձայն յուրաքանչյուր տեղամասի արդյունք անմիջական ազդեցություն ունի համապետական ընտրության վերջնական արդյունքի և մանդատների բաշխման վրա։
Հետևաբար, ԿԸՀ-ն, եթե հանդես գար որպես իրապես անկախ մարմին, չէր կարող չգիտակցել, որ իր որոշումը պարզապես երկու տեղամասի հարց չէ. այլ որոշում, որն ազդում է Ազգային ժողովի ապագա կազմի վրա, որոշում, որն ազդում է քաղաքական ուժերի հարաբերակցության վրա, քանի որ, դրանից էր կախված, թե արդյո՞ք խորհրդարանում կհայտնվի ևս մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ, թե՞ ոչ։
Եվ հենց այստեղ է ծագում գլխավոր քաղաքական հարցը։
Եթե 48-րդ հոդվածի կիրառման անմիջական հետևանքը դառնում է 95-րդ հոդվածով ձևավորվող քաղաքական իրականության փոփոխություն, ապա ակնհայտ է, որ հիշյալ 48-րդ հոդվածն օգտագործվել է ոչ թե ընտրողի կամքը պաշտպանելու, այլ 95-րդ հոդվածով ձևավորվող վերջնական քաղաքական արդյունքը վերափոխելու համար։
Այլ կերպ ասած՝ խոսքը այլևս ընտրական իրավունքի մասին չէ։
Խոսքը քաղաքական իշխանության վերարտադրության մեխանիզմի մասին է։
Եթե Սահմանադրությամբ որպես անկախ հռչակված պետական մարմնի` ԿԸՀ-ի որոշման արդյունքում քաղաքական օգուտ է ստանում բացառապես գործող իշխանությունը, եթե այդ որոշման հետևանքով թուլանում է ընդդիմադիր ներկայացվածությունը, եթե դրա արդյունքում պահպանվում է իշխանության քաղաքական մենաշնորհը, ապա ԿԸՀ-ն ամրապնդում է սեփական անկախության նկատմամբ հանրային անվստահությունը` նոր հիմքեր ստեղծելով այն համոզման համար, ըստ որի վաղուց դադարել է լինել Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմին։
Այնինչ, Ժողովրդավարական համակարգում ԿԸՀ-ի առաքելությունը ժողովրդի կամքը հաշվարկելն է։ Ոչ թե ժողովրդի կամքը խմբագրելը։ Ոչ թե քաղաքական հավասարակշռությունը կարգավորելը։ Ոչ թե որոշելը, թե որ քաղաքական ուժը պետք է հայտնվի խորհրդարանում, իսկ որը՝ մնա դրանից դուրս։
Եթե ընտրությունից հետո վարչական որոշումների միջոցով հնարավոր է դառնում փոխել այն քաղաքական պատկերը, որը ձևավորվել է քվեատուփի մոտ, ապա դա արդեն ընտրությունների արդյունքների ամփոփում չէ, այլ խեղաթյուրում:
Եթե ԿԸՀ-ն (իր կարգադրիչով հանդերձ) կարծում էր, թե այս որոշումներով ամրապնդում է իշխանության դիրքերը, ապա չարաչար սխալվում է, քանի որ կարող է ստացվել ճիշտ հակառակը։ Երբ պետական ինստիտուտներն անցնում են կարմիր գծերն ու կորցնում են հանրային վստահության վերջին փշրանքները, սկսվում են այնպիսի քաղաքական գործընթացներ, որոնք միավորում են ընդդիմադիր դաշտը` նույնիսկ միմյանցից խիստ տարբերվող ուժերին։
Ժողովրդավարության և ընտրողի կամքի պաշտպանության շուրջ համախմբումը կարող է դառնալ այս որոշումների ամենաուղղակի քաղաքական հետևանքը։







































