Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հարգելի Նիկոլ Վովայի, Ղազախստանի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Քվեարկության արդյունքները համոզիչ վկայությունն են այն բանի, որ պետականության ամրապնդմանը, ազգային միասնությանը և երկրում իրավիճակի կայունացմանը միտված Ձեր քաղաքական կուրսը վայելում է ժողովրդական աջակցություն: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ղազախա-հայկական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման շրջանակում: Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ` ի նպաստ բարեկամ Հայաստանի բարօրության»,-ասված է ուղերձում: