Մենք ոռոգման ջրի խնդրի մասին խոսում ենք մի տարուց ավելի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով ջրի ոռոգման խնդրին։ Նա նշեց, որ Հայաստանի, արտերկրի մասնագետները խոսում են ջրամբարներ կառուցելու մասին, սակայն նրանց ձայնը լսելի չէ կառավարության համար։

«Նախ պետք էր ջրամբարներ կառուցվեր, կիսատ-պրատ գործողություններ են կատարվել։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կան հնարավորություններ ջրահավաք տարածքներ ունենալու։ Պետք է սովորել, վերցնել ուրիշ երկրների փորձը, որոնք ավելի վատ բնակլիմայական պայմաններ ունեն, սակայն նման խնդիրները լուծել են»,-ասաց նա։

Սիլվա Ադամյանը նշեց՝ իհարկե ուրախ են Սևանի լճի ջրի մակարդակի բարձրացմանը նպաստող գործողությունների համար, բայց քանի որ կան լուրջ կլիմայական փոփոխություններ, լինում են բարձր ջերմաստիճանով շատ տապ օրեր, և այդ ամենը անդրադառնում է ոռոգման վրա, պետք է մտածել այլընտրանքներ։

Անդրադառնալով Թուրքիայում Կարսի ջրամբարի կառուցմանը` Սիլվա Ադամյանն ասաց`բոլորը դրանով մտահոգված են, քանի որ լուրջ վնաս կարող է հասցնել Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսներին։ Ադամյանը նշեց՝ թշնամանքը շարունակվում է, և ամեն ինչ արվում է՝ փորձելու ոչ թե ռազմական, այլ՝ սոցիալական, բնապահպանական «զենքերով» մեզ վախեցնել։ «Մենք պատերազմի միջով անցանք, և մեր ջրային ռեսուրսների ակունքները մնացին թշնամուն, և ոչ մեկի կողմից հաշվի չի առնվում, որ նաև մեծ վտանգի տակ ենք դրել ջրային ռեսուրսները»,–ասաց նա։

Սիլվա Ադամյանը նկատեց, որ Հայաստանում հէկ-երը շատ քաոսային կառուցվեցին և չմտածվեց, որ կարող է ազդել շրջապատի վրա, արդյունքում, ըստ նրա՝ տարբեր գետերի վրա մեծ քանակությամբ հէկ-եր ունենք։ Ադամյանի կարծիքով՝ նախկին կառավարությունից եկած այս ոռոգման հարցի խնդիրը մինչ այժմ չի լուծվել։

«Ամեն ոլորտ աչքաթող է արված, այլընտրանքները չեն օգտագործվում, այս կառավարությունը ընդհանրապես ոչ մի մասնագիտական կարծիք հաշվի չի առնում, ըստ երևույթին՝ դա արվում է հատուկ նպատակներով՝ փորձել խնդրին լուծում չտալ։ Սա է պատճառը, որ բոլոր ոլորտներում նման վիճակ է, վերահսկողություն չկա։ Գոռալով չի որոշվում, որ ապագա ունենք, քանի որ ապագան մշուշոտ է»,–ասաց նա։

Հայտնենք, որ այսօր Արմավիրի մարզի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր ավտոճանապարհին և պատճառը ոռոգման ջրի բացակայություն է։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն