Մենք ոչ մեկս պրոֆեսոր Արմեն Չարչյանի մոտ մուտք չունենք, քանի որ նա կալանավորված է, թեեւ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ՀՔԾ-ի դիմաց հաջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի բժիշկների ակցիայի ժամանակ ասաց բժիշկ Սամվել Սահակյանը:

«Երեկ պրոֆեսոր Արմեն Չարչյանի մոտ իրավիճակի կտրուկ վատթարացում է եղել: Եթե այստեղ չգայի, կգնայի բժշկի հետ զրուցելու: Որքան տեղյակ եմ, կորոնարոգրաֆիա է արվել, ժողովուրդն ասում է՝ զոնդ: Շաքարը, գլյուկոզան նորմալ թվերի վրա չի կանգնում, ճնշումը չի նորմալանում: Ինչքան էլ Չարչյանին թվա, որ այս ամենն իր կողքով է անցնում, մարդու մարմինն ունի իր օրենքները եւ այդ օրենքների դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն