ԱՄՆ-ն որպես ռազմական օգնություն Ուկրաինային ծանր տեխնիկա կտրամադրի
ԲԱՅԴԵՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՄՆ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Զրույցի ընթացքում Ջո Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ուկրաինային: Մեկ ժամ տևած հեռախոսազրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Վոլոդիմիր Զելենսկին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Բայդենի հետ քննարկել են «Ուկրաինային պաշտպանական և հնարավոր մակրոֆինանսական աջակցության հավելյալ փաթեթը»: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նոր օգնությունը ներառում է այնպիսի ծանր տեխնիկա, որը Վաշինգտոնը մինչ այժմ հրաժարվում էր Կիևին տրամադրելուց՝ խուսափելով սրել Ռուսաստանի հետ հակամարտությունը:
ՌԴ-ԻՆ ՊԵՏՔ ՉԷ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՄԱՍՆԱԿՑԵԼ G-20-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ. ԱՄՆ
Միացյալ Նահանգները շարունակում է պնդել, որ G-20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում ընդգրկվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը, ինչպես նաև արգելվի Ռուսաստանի մասնակցությունն այդ բազմակողմ հանդիպմանը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին։
«Շատ թեմաներ կան, որոնք կարելի է քննարկել: Վլադիմիր Պուտինի գործողությունները Ռուսաստանը դարձնում են այն երկիրը, որին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ պետք չէ թույլ տալ մասնակցել միջազգային համաժողովներին»,- ասել է Սակին:
Նրա խոսքով՝ Բայդենի հակառուսական հռետորաբանությունը չի նշանակում, որ Վաշինգտոնը չի աջակցում Մոսկվայի և Կիևի բանակցություններին։ Սպիտակ տան խոսնակը կարծիք է հայտնել, թե քիչ հավանական է, որ նախագահ Պուտինը որոշի հրաժարվել խաղաղ բանակցություններից ԱՄՆ նախագահի խոսքերի պատճառով։
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՌԱՋ Է ՔԱՇԵԼ ՄԻԱՅՆ ՈՒԺԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ. ԼԱՎՐՈՎ
Արևմուտքն ութ տարի պաշտպանում էր Կիևին՝ խոչընդոտելով կատարել Մինսկի պայմանավորվածությունները՝ առաջ քաշելով միայն ուժային լուծում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ ելույթ ունենալով «Միջազգային թվային հարաբերություններ 2022» համաժողովում: Սերգեյ Լավրովի խոսքով՝ Կիևն այսքան ժամանակ պատրաստվում էր պատերազմի: Խոսելով Արևմուտքի հետ հարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է, որ Արևմուտքը փորձում է վերջնականապես տապալել երկխոսության հնարավորությունները: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը խոսել է նաև արևմտյան տեղեկատվական հարթակների սահմանափակումների մասին՝ շեշտել, որ Ռուսաստան կշարունակի օգտվել դրանցից, սակայն հույսը դնելու է ներքին հարթակների վրա:
ԻՐԱՆԸ ԿՈՂՄ Է ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ
Իրանը կողմ է ռուս-ուկրաինական պատերազմի դիվանագիտական լուծմանը՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո սա երկու երկրների ԱԳ նախարարների երկրորդ հեռախոսազրույցն է: Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի արմատներին՝ Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանն աջակցում է ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական բոլոր ջանքերին։
1lurer.am