Էջմիածնի 13-րդ մանկապարտեզը մինչև տարեվերջ ամբողջությամբ վերակառուցված կլինի: Մասնաշենքերից մեկը նորոգվել էր դեռ 3 տարի առաջ՝ մասնավոր ներդրմամբ: Իսկ մյուսը, որ բավականին քայքայված էր, մնացել էր անփոփոխ: Հին մասնաշենքը վերանորոգելու նպատակով Էջմիածնի համայնքապետարանն անցած տարի մասնակցեց Ճապոնիայի դեսպանատան հայտարարած դրամաշնորհային ծրագիրին ու ճանաչվեց հաղթող: Ճապոնիայի կառավարությունն Էջմիածնին 45 մլն դրամ հատկացրեց՝ քայքայված մասնաշենքը վերակառուցելու համար:

Դիանա Գասպարյան (Վաղարշապատ համայնքի ղեկավար) - Ծրագրով նախատեսված էր, որ այդ գումարից թեկուզ 1 լումա չի կարող ծախսվել ԱԱՀ-ի վրա: Մենք դիմեցինք Կառավարությանն առընթեր համապատասխան հանձնաժողովին, որը որոշեց մեզ ազատել հարկից: Այսինքն՝ ամբողջությամբ Ճապոնիայի կողմից է վերանորոգվում. համայնքից համաֆինասավորում չի լինելու:

Աշխատանքներն արդեն մեկնարկել են: 70-ականներից կանգուն շենքը, շինարարների ասելով, այնքան անմխիթար վիճակում է, որ ինչին ձեռք են տալիս՝ փլուզվում է: Իրենք հիմա ամրացնում և ուժեղացնում են կառույցը, որ դիմանա 9 բալ երկրաշարժին:

Հայկազ Մովսիսյան (աշխղեկ) - Նույնիսկ սեյսմոլոգներ ենք հրավիրել, նայել են, որոշել ենք՝ պատերի մեջ արմատուրայի հաստությունը 10-ից դարձրել ենք 12-14-ի, հետո ենք բետոնային աշխատանքներ կատարում:

Մանկապարտեզը նախատեսված է 300 երեխայի համար, բայց քանի որ պայմանները թույլ չեն տվել ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատել, ընդունելություն են կազմակերպել 260-ի հաշվով: Հիմնանորոգումից հետո ոչ միայն խմբասենյակները կշատանան, այլև կավելանա երեխաների թիվն ու կմեծանա աշխատակազմը: 

Գույքի հարցն էլ կլուծեն մասնավոր ընկերությունների միջոցով: Պայմանավորվածություն արդեն կա. կահույքը տեղ կհասնի շենքը պատրաստ լինելուն պես:

Մանկապարտեզների մասնակի նորոգման այլ ծրագրեր էլ կան համայնքում: Դրանց մի մասի ֆինանսավորմանը կմասնակցեն արտասահմանցի գործընկերները:

Դիանա Գասպարյան - Այս տարի ևս երեք խմբասենյակ վերանորոգվելու է Իսի Լե Մուլինո քույր քաղաքի և Վաղարշապատի համայնքապետարանի համաֆինասավորմամբ: Սուբվենցիոն մասով էլ 2 հատով դիմել ենք, նախագծերի վերջնական փուլում ենք:

Սուբվենցիոն ծրագրերով կվերանորոգվեն Էջմիածնի 14-րդ և Ոստեհատ բնակավայրի մանկապարտեզները: Համայնքի ղեկավարությունը հույս ունի, որ մանկապարտեզների նորոգումից հետո լիարժեք ընդունելության հնարավորություն կունենան, հերթերը կնոսրանան:

Դիանա Գասպարյան - Երբ բոլոր մանկապարտեզները կլինեն բարեկարգ, այդ խնդիրը չենք ունենա: Ծնողը կընտրի բնակության վայրին մոտ մանկապարտեզը:

Նորոգվող մանկապարտեզներում նաև մսուրային խմբեր կբացվեն:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն