Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին տեղեկանալով սեպտեմբերի 27-ի առավոտյան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Արմենակ Տոռոզյանը համակուրսեցու՝ Աշոտ Ղազարյանի հետ, վճռում է պատերազմի առաջին իսկ օրը մեկնել առաջնագիծ: «Որոշեցինք մեկնել որպես զինվոր, հետո ճանապարհվելիս սոցցանցում հայտարարություն տեսանք, որ Արցախում անհրաժեշտ են բուժաշխատողներ, և մտածեցինք, որ այդ ոլորտում ավելի շատ կարող ենք օգտակար լինել: Նշված հեռախոսահամարով զանգահարեցինք, ասացին՝ որքան հնարավոր է՝ շուտ գնացեք Ստեփանակերրտի հոսպիտալ:

Անմիջպես նախ դիմեցինք Գորիսի հավաքակայան, ապա նաև զինկոմիսարիատ, բայց մեզ օգնել չկարողացան: Ժամանակը սուղ էր, երկար սպասել չէինք կարող, կանգնեցրինք Գորիսով անցնող շտապօգնության մի մեքենա, նստեցինք և գնացինք Արցախ: Շտապօգնության այդ մեքենան ինչ-որ ավտոշարասյուն էր ուղեկցում: Արդեն սեպտեմբերի 28-ն էր, գնացինք Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, մեզ որպես բուժակ, վերցրեցին»,-նշում է ապագա բժիշկը: Արմենակ Տոռոզյանը պատմում է, որ առաջին ժամերին վիրավորների դեռ չէին տեղափոխում, ինչն իրենց ուրախացրել է, մտածել են, որ հավանաբար, ռազմական գործողությունները վերջացել են: Բայց հանկարծ սկսել են մեծ քանակի ավտոմեքենաներով վիրավորների տեղափոխել հոսպիտալ: Ապագա բժիշկը խոստովանում է, որ ռազմաճակատ չմեկնել չէին կարող. գիտակցելով ամբողջ պատասխանատվությունն ու ռիսկերը, գնացել են մահվանն ընդառաջ:

«Առաջին օրերին՝ սեպտեմբերի 28, 29-ին, բժշկական գործ գրեթե չէինք կատարում, մեքենաներից վիրավորներին էինք իջեցնում, տեղափոխում հոսպիտալի ընդունարան, անհրաժեշտության դեպքում՝ ընդունարանից հիվանդասենյակներ: Այնուհետև մեզ տեղափոխեցին Մատաղիս, որ օգնենք առաջնագծից դուրս բերել վիրավոր զինծառայողներին: Այդ ժամանակ ծանր վնասվածք ստացած վիրավորներին ցավազրկում էինք, փորձում էինք դադարեցնել արյունահոսությունը, ըստ անհրաժեշտության, անշարժացնում վիրավորին: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին Մատաղիսում ենք եղել: Ժամկետային ծառայությունն անցկացրել եմ Մատաղիսում: 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիս գնալիս Մարտակերտի հոսպիտալով անցանք անհրաժեշտ պարագաներ վերցնելու համար: Այնտեղ մեզ հարցրին՝ որտեղ եմ ծառայել, ասացի՝ Մատաղիսում, հոսպիտալի պետն ուրախացավ, որ նաև տեղանքին եմ ծանոթ, հեշտ կլինի»,-ասում է Արմենակ Տոռոզյանը:

Երկու ընկեր պատերազմում են եղել մինչև նոյեմբերի 10-ը: «Շատ է պատահել, որ ընկել ենք թշնամու հրետակոծությունների տակ: Նոյեմբերի 3-ին մեզ ուղարկել էին Մարտունու շրջանի Գիշի գյուղ: Ես ու Աշոտը շտապօգնության երկու մեքենայով գնացինք, հասանք, ռմբակոծությունը սկսվեց: Շտապօգնության մեքենայում վիրավորներին տեղավորելուց հետո Աշոտը դուրս եկավ, շարժվեցին, ինքը որ շարժվեց, էլ վիրավորներ չկային: Մարտունու հոսպիտալը տեղափոխել էին քաղաքի դպրոց, որի շրջակայքն արկակոծում էր թշնամին: Ինձ բուժսարքավորումներ տրամադրեցին: Ճանապարհին Աշոտի մասին էի մտածում, որ հանկարծ չընկնեն հրետակոծության տակ, հետևից ես դուրս եկա, կրկին միևնույն մտավախությամբ: Ստեփանակերտի ճանապարհին խփեցին մեր մեքենայի ուղղությամբ, ուժգին ալիքից, քիչ էր մնում՝ կողաշրջվեր մեքենան: Վարորդի կողքի դուռը բացվել էր, վարորդը գրեթե ընկնում էր մեքենայից: Շտապօգնության ավտոմեքենայի անվադողերը վնասվել էին: Ամենատպավորիչը, թերևս, դա էր»,-հիշում է Արմենակ Տոռոզյանը: Նա ընդգծում է, որ պատերազմից հետո ամրապնդվել է բժիշկ դառնալու իր որոշումը:

«Մի անգամ Կարմիր շուկա էինք գնացել, որ վիրավորների տեղափոխենք, գյուղի դպրոցում էլ կային վիրավորներ, այնտեղից էլ պետք է վերցնեինք վիրավորների, ընկերոջս հանդիպեցի, որը ձեռքից վիրավորվել էր Վարանդայում, և գտնվում էր այնտեղ»,-պատմում է ապագա բժիշկը: Արմենակ Տոռոզյանը ծնունդով Գորիսից է, սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում, որոշել է ընտրել վնասվածքաբանի նեղ մասնագիտացումը: Ռազմաճակատը նրա համար փորձառություն էր, թե ինչպես պետք է էքստրեմալ պայմաններում բժիշկն իրեն դրսևորի: «Ուզում եմ, որ երբեք պատերազմ չլինի, խաղաղություն լինի, որևէ մեկը չտեսնի այն, ինչ տեսանք մենք»,-եզրափակում է ապագա բժիշկը:

Արմեն Մուրադյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն