ՄԵԴԻՆՍԿԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԶՐՈՒՑԵԼ Է ԱՐԱԽԱՄԻԱՅԻ ՀԵՏ

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հաստատել է, որ ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիայի հետ մի քանի երկարատև զրույց է անցկացրել։

Նախօրեին Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ նշել է, որ Վոլոդիմիր Զելենսկու հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը կախված է երկու երկրի պատվիրակությունների միջև քննարկումների արդյունքներից։ Պուտինի խոսքով՝ ուկրաինական կողմը պատրաստ չէ փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրելու։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԳՈՀ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻՑ

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան սկսել է ստանալ այն զենքերը, որոնք խնդրել էր, սակայն չի նշել՝ ինչ զենքի մասին է խոսքը։

«Երախտապարտ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնք վերջապես լսեցին մեզ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Կանադայի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ երկիրը ծանր հրետանի և հաուբիցներ է փոխանցել Ուկրաինային։ Իսպանիայի վարչապետի խոսքով՝ երկրի ռազմածովային ուժերը 200 տոննա զինամթերք և ռազմական տեխնիկա կտրամադրի Կիևին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։

ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿԻ ՌԵԱԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տրամադրում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Վիկտորյա Նուլանդի խոսքով՝ ՆԱՏՕ-ի մի շարք անդամներ Կիևին մատակարարում են այնպիսի զինատեսակներ, որոնք Ուկրաինայի զինված ուժերին թույլ են տալիս ավելի շատ ինքնաթիռներ գործարկել։

Նա տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Կիևին «անվտանգության հավաստիավումներ» տրամադրելու համար։ «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը խնդրել է պաշտոնյային հստակեցնել՝ «անվտանգության երաշխիքնե՞ր», թե՞ «անվտանգության հավաստիացումներ», քանի որ վերջինի դեպքում պաշտպանության ֆիքսված երաշխիքներ չեն նախատեսվում։

«Ես ասացի այն, ինչ ասացի: Հրապարակավ կարող եմ ասել միայն այդքանը», - պատասխանել է Նուլանդը:

ԳՈՒՏԵՐԵՇԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԼԱՎՐՈՎԻ ՀԵՏ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ապրիլի 26-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՈՒԿՐԱԻՆԱ

Ապրիլի 28-ին էլ նախատեսված է նրա այցը Ուկրաինա։ Գուտերեշին կընդունեն արտգործնախարար Դմիտրո Կուլեբան և նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի կառույցի ուկրաինական գրասենյակի աշխատակիցների հետ՝ քննարկելու Կիևին հումանիտար օգնության ընդլայնման հնարավորությունը։

ՄԱԿ-ը նաև կհետաքննի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և ակնկալում է հասանելիություն ստանալ երկրի բոլոր բնակավայրեր։ Կառույցի Մարդու իրավունքների խորհրդի համապատասխան հարցերով հանձնաժողովը սկսել է աշխատանքները։

ԱՎՍՏՐԻԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԷՄԲԱՐԳՈՅԻՆ

Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրուները հայտարարել է, որ երկիրը չի աջակցի ռուսական գազի էմբարգոյին, քանի որ դա ավելի շատ կհարվածի Ավստրիային, քան Ռուսաստանին:

Նախարարի խոսքով՝ Ավստրիայի արդյունաբերությունն այնքան է կախված ռուսական գազից, որ Վիեննան ընտրություն չունի:

Ավելի վաղ կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարել էր, որ իր երկիրը կկարողանա ռուսական գազի մատակարարումներից անկախանալ միայն մի քանի տարի անց: Նա խոստովանել էր, որ Ավստրիան 80%-ով կախված է ռուսական գազի մատակարարումներից։

ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ ԵՆ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամփոփել է Մարիուպոլում ստեղծված իրավիճակը՝ քաղաքը ՌԴ ԶՈՒ-ի վերահսկողության տակ անցնելու մասին նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունից հետո։

«Իրավիճակը մտել է բնականոն հուն։ Ուկրաինացի ազգայնականների մնացորդները և օտարերկրյա վարձկաններն արգելափակված են «Ազովստալ» գործարանի տարածքում։ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի հայտարարությունը, թե ուկրաինական կողմը շարունակում է վերահսկել Մարիուպոլը, ֆեյք է»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Նախարարության տվյալով՝ գտնվել է ապրիլի 14-ին կործանված «Մոսկվա» հրթիռային հածանավի անձնակազմի անդամներից մեկի դին, ևս 27-ը համարվում են անհետ կորած։ Նշվում է, որ հածանավից, ընդհանուր առմամբ, տարհանվել էր 396 զինծառայող։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն