Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն արդեն 3 օր է՝ աշխատանքային այցով Հնդկաստանում է: Այս ընթացքում նախարարը հանդիպումներ ունեցավ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, արտաքին գործերի նախարար Սուբրամայնամ Ջայշանկարի հետ, մասնակցեց Ռայսինայի երկխոսություն համաժողովին: Բացի այդ տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կազմակերպեց Հնդկաստանի բիզնես հատվածի և ներդրումների խթանմամբ զբաղվող կառույցների հետ:

Մնացական Սաֆարյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Կա հետաքրքրություն, կա քաղաքական պատրաստակամություն, և կա նաև հետաքրքրություն՝ Հայաստանի տարանցիկ պոտենցիալը օգտագործելու ուղղությամբ, նաև ներգրավվելու և առևտրի, և փոխադրումների և հայթեք ոլորտի, դեղարտադրության, զբոսաշրջության, մի քանի ոլորտում կան բավական հետաքրքիր և երկուստեք շահագրգիռ առաջարկներ, որոշ նախնական պայմանավորվածություններ, որը պետք է ինչպես նշեցի ակտիվորեն իրականացվի մոտակա ամիսների ընթացքում:

Հանդիպումներից հնարավոր արդյունքները շատ արագ տեսանելի չեն լինի, քանի որ այցը դեռևս ճանաչողական բնույթ էր կրում՝ նշում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Մնացական Սաֆարյան - Բայց վստահ եմ, որ էս տարվա ընթացքում էդ արդյունքները կերևան արդեն:

Հայաստանի պատվիրակության Հնդկաստան այցը նաև կնպաստի մեր երկրի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ինչպես նաև թե՛ Հայաստանում, թե՛ Հնդկաստանում կայացող միջոցառումներին երկկողմանի ավելի ակտիվ մասնակցությանը: Փոխնախարար Սաֆարյանը կարևորում է դիվանագիտական շրջանակներում տնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստելը:

Մնացական Սաֆարյան - Արտգործնախարարությունը ունի նաև այս գործառույթը և մենք մեծ ուշադրություն ենք դարձնում: Եվ արտգործնախարարությունը ինքը և դեսպանությունները, կան կոնկրետ հանձնարարություններ այս ուղղությամբ և այս այցը հենց դրանց օրինակներից մեկն էր այսպիսի աշխատանքի:

Հայ-հնդկական տնտեսական օրակարգը դեռևս սպառված չէ, իսկ թե ինչ գործողություններ կհետևեն նախնական պայմանավորվածություններին պարզ կլինի առաջիկայում հնարավոր փոխադարձ այցելությունների ընթացքում:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն