Ասպրամ Ավանեսյան

Արցախի հանրային ռադիո

Արցախը չի եղել և չի կարող լինել անկախ Ադրբեջանի մաս՝ ևս մեկ անգամ շեշտել է արգործնախարար Դավիթ Բաբայանը՝ այսօր ԱԺ-ում կայացած օրենսդիր–գործադիր հարցուպատասխանի ժամանակ։ Հարցերը բազմաբնույթ էին՝ արտաքին քաղաքականից մինչև անվտանգություն ու մշակույթ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։  Ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել այս բանակցությունները Արցախի համար՝ հետաքրքրվում է «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։ Հարցին պատասխանում է արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները սերտորեն կապված են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ, բայց, այնուամենայնիվ, սրանք տարբեր գործընթացներ են։ Անկախ ամեն ինչից՝ մեզ համար անընդունելի է, որ Արցախը որևէ առնչություն ունենա Ադրբեջանի հետ»։

Ադրբեջանի ներկայացրած հայտնի 5 կետից բաղկացած փաստաթուղթը  արժանացել  է պաշտոնական Երևանի հավանությանը։   Հայտնի 5 կետերին Երևանն  ավելացրել  է իր առաջարկները, բայց պաշտոնական որևէ փաստաթուղթ չի հրապարակվել։ Արդյո՞ք, Արցախի իշխանությունները ծանոթ են Հայաստանի առաջարկած կետերին։ Հարցը կրկին Մետաքսե Հակոբյանն է հնչեցրել։ Արցախի արտգործնախարարի դիրքորոշումը հստակ է․

«Ադրբեջանն ունի 5 կետ, մենք էլ ունենք 1 կետ՝ Արցախը Ադրբեջանի կազմում լինել չի կարող»։

Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունները կիսում են արտգործնախարարի համոզմունքը՝ ասում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Սահմանագծումն ու սահմանազատումը չի վերաբերելու Արցախին․  սա է մեր դիրքորոշումը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով կա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հարց։ Այս հարցը լուծելու համար լիազորված են ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահները, ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը»։

Պատերազմի արդյունքում Արցախի էներգետիկ ռեսուսները խիստ պակասել են։ Արցախի էներգետիկ ոլորտի վերականգնմանը  2022 թվականի բյուջեով   1,5 մլդ դրամ է ուղղվել։ Սեփական էլեկտրաէներգիայի արտադրությունը Արցախի համար ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունի։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կամ ձեռնարկվելու այս ուղղությամբ՝ հարցը  «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցինն է։  Որպես խնդրի լուծման տարբերակ արևային էներգիայի օգտագործումն է դիտարկվում՝ ասում է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

«Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման մասին պետական ծրագիրը հաստատված է, ծրագիրը կմեկնարկի այն ժամանակ, երբ ֆինանսական միջոցներ գտնվեն։ Մայիսին կմեկնարկի չգազաֆիկացված համայնքներում արևային ջրատաքացուցիչների ծրագիրը»։

Ռազմավարական առումով՝ երկրի համար առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում տեղեկատվական անվտանգությունը։ Հատկապես վերջին պատերազմից և դրանից հետո էլ շարունակվող տեղեկատվական պատերազմից համատեքստում։ Ինչպե՞ս բարձրացնել տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Կրկին Գագիկ Բաղունցն է հետաքրքրվում։

«Թվային մասնագիտությունների զարգացման առումով մեծ առաջընթաց ունենք։ Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում դպրոցականները մասնակցել են դասընթացների, ընտրել են  մասնագիտություններ։ Առաջիկա օրերին մեկնարկելու է այդ մասնագիտությունների և զուգահեռ անգլերենի ուսուցումը»։

Արցախում ակտիվ բնակարանաշինություն է ընթանում։ Հողի հետ աշխատող մարդկանց համար շատ կարևոր է ունենալ մշակովի հողակտոր։ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն անդամ Վահրամ Բալայանը հետաքրքրվում է՝  նոր կառուցվող գյուղերում բնակիչներին հողամասեր տրամադրվելու՞ են, թե՞՝ ոչ։

 «Կառուցվող առանձնատների համար նախատեսված են 1000-1200 մետր տնամերձ հողատարածք։ Բայց նորակառույց թաղամասերի համար հողեր դեռևս հատկացված չեն։ Տեղահանվածների համար հողերի բաշխման գործընթաց գոյություն չունի»։

Փոքր շինարարական կազմակերպություններին տրվող գումարներն ուշացնում են։ Այդ կազմակերպությունները, ի տարբերություն մեծ կազմակերպությունների, ունակ չեն սեփական եկամտի հաշվին շարունակել իրենց աշխատանքը, դրա պատճառով էլ բողոքում են։ Հարցով նաև   «Ազատ Հայրենիք» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանին են դիմել։ Հարցին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն է պատասխանում։

«Առաջին եռամսյակում կատարված աշխատանքները նախատեսած գումարներից գերազանցել են, քանի որ առաջին եռամսյակի համար մենք նախատեսել ենք համապատասխան գումար, բայց շինարարական կազմակերպություններն աշխատել են ավելի շատ։ Այս պատճառով որոշակի խնդիր է առաջացել։ Կարծում եմ՝ առաջիկայում այդ խնդիրներին լուծում կտանք»։

Հարցուպատասխանի ընթացքում կառավարության անդամները պատասխանել են խորհրդարանականների շուրջ երեք տասնյակ հարցերին՝ այդ թվում առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների վերաբերյալ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն