Ընդդիմադիրների փողոցային պայքարը մոտենում է վերջնական փուլին, ակցիաների 5-րդ օրը հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Վարչապետի հրաժարականը պահանջող խմբերը մեկ օր դադար կվերցնեն, մայիսի 1-ին կհայտնեն հետագա անելիքների մասին:

Արթուր Վանեցյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Մայիսի 1-ին խնդրում եմ որևէ այլ գործ չպլանավորել, մենք ունենք մեկ գործ՝ մեր հայրենիքը հանենք այս դժվարին պայմաններից, մեր ժողովրդին վերադարձնենք իրենց արժանապատվությունը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն առայժմ չեն բացահայտում իրենց հետագա քայլերը: Նշում են՝ դրանց վերաբերյալ կտեղեկացնեն ավելի ուշ: Արթուր Վանեցյանը հեռուստաէկրաններից իրեն հետևող քաղաքացիներին կոչ է անում չնստել տանը, այլ կիրակի օրը միանալ իրեն և ակցիայի մյուս մասնակիցներին:

Արթուր Վանեցյան - Մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի, և հանուն մեր հայրենիքի պայքարի բոլորս պետք է միավորվենք:

Պայքարի 5-րդ օրը Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Ապարանից քայլերթ սկսած ընդդիմադիրների խմբերը շարունակել են երթը դեպի Երևան:

Ակցիաները շարունակվել են նաև Երևանի բուհերում: Երիտասարդների խմբերը եղել են Երևանի պետական և Ազգային ագրարային համալսարաններում, Պոլիտեխնիկական ինստիտուտում և պետական կոնսերվատորիայում: Բողոքի ցույցերի մասնակից երիտասարդները հաստատություններում ամրացրել են Արցախի դրոշները:

Օրվա իրազեկման ակցիաներն ընդդիմադիրները եզրափակել են Գյումրու և Երևանի փողոցներում իրականացրած երթերով:

Ոստիկանությունից «Լուրեր»-ին հայտնեցին՝ ապրիլի 29-ին Երևանում տեղի ունեցած ակցիաների ընթացքում մասնակիցներից 2 անձ Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ևս 23 անձ էլ բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու պատճառով:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն