Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Տարբեր քաղաքական գործիչների կամ պաշտոնյաների կողմից առանձին համայնքների ղեկավարներին ներկայացվող ինքնահրաժարականի հրապարակային կամ ուղիղ պահանջներն անօրինական են, հարվածում են ժողովրդավարության արժեքներին ու սկզբունքներին։

.Տեղական ինքնակառավարման մարմինները կենտրոնական գործադիր իշխանության մաս չեն կազմում, նրանք չեն փոխվում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով։

.Համայնքների ղեկավարները, ավագանու անդամները քաղաքական պաշտոնյաներ են, ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումներում։ 

.Քաղաքական հայացքների ու կողմնորոշումների հիման վրա ինքնահրաժարականի պահանջները կամ հրապարակային հայտարարությունները խտրական մոտեցում են, մարդու իրավունքների դեմ ուղղված գործողություններ են։

.Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններից առաջ հրաժարականները կհանգեցնեն ընտրովի մարմինների փոխարեն համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման, ինչը, ըստ էության, համարժեք է նման համայնքներում տեղական ինքնակառավարման դադարեցման, փոխարենը պետական կառավարում մտցնելուն։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը տեղական ինքնակառավարումը երաշխավորում է ՀՀ ամբողջ տարածքում։

.1996 թվականից սկսած բոլոր կառավարությունները տրվել են օրենսդրորեն կամ ադմինիստրատիվ ճանապարհով ՏԻՄ-երի նկատմամբ տոտալ վերահսկողություն հասնելու հրապույրին։ Սա անցած 25 տարիներին համայնքների՝ ֆինանսապես թույլ, պետությունից կախված մնալու, երկրում ապակենտրոնացման ցածր մակարդակի պահպանման պատճառներից մեկն է եղել։ Բայց, միաժամանակ, անցած տարիներին հաջողվել է հասնել համայնքների ինքնուրույնության ու պաշտպանվածության որոշակի մակարդակի։

.Երևան քաղաքի պարագայում (որտեղ քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից և իր կազմից) քաղաքական մեծամասնությանը կոչ եմ անում հարգել Երևանի ավագանու ինքնավարությունը, Երևանի քաղաքապետի ընտրության հարցում Երևանի ավագանու բացառիկ իրավասությունը։

Ընդունելով հանդերձ քաղաքական մեծամասնության մանդատը նաև Երևանի ավագանու պարագայում՝ այնուամենայնիվ, նման քննարկումները պետք է անցկացնել ու որոշումները պետք է կայացնել առավելապես ներկուսակցական հարթակներում՝ չվնասելով քաղաքային իշխանությունների հանրային հեղինակությանը»։

Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար հանդիսացող Արսեն Թորոսյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Այսօրվա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն